Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում օրվա ցերկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչև Ագարակ և Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է։
«Մենք ունենq այլ ապացույցներ ևս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։
ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝ ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ և մի շարք այլ գյուղերի հարևանությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանական զինված ուժերը։