Վերաքննիչ դատարանը բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի շենքից դուրս գալուց հետո Արա Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին պայքարեցին արդարության և ճշմարտության համար:
Ըստ պաշտպան Միհրան Պողոսյանի`Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկած առկա չէ, որը նշանակում է, որ նա անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ:
Փետրվարի 21-ին կալանավորված Արա Սաղաթելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար: Սաղաթելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: