Չորեքշաբթի, 12 Հունիսի, 2024
- Գովազդ -spot_img

Շունն Էլ Սիրել Գիտի…

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

(Պատմուածք)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

      2001 թուականի փետրուա­րիb Պոլսոյ «Սա­­­յաթ Նովա» երգչա­խում­բի հրաւէրով մեկ­նեցի Իստան­բուլ (Պոլիս): Նպատակը 3-4 ամսում՝ երգչա­խումբի եւ սիմֆոնիկ նուա­գախումբի համադրութեամբ իմ հեղինակային համերգների իրա­­կանացումն էր:

Քաղաքի մեծաթիւ բարեկամներից ամենաշա­տը «նազս կ՚անցներ» Արտաշէս Հիւ­սիւմեանի մօտ։ Նրա հետ իմ մտերմական կապը սկիզբ էր առել Հայաս­տանի խոր­հր­դային շրջանից`1969 թուակա­նից: Երեք ամսուայ ընթացքում, երգ­չա­խումբի փորձե­րին գնա­լիս, շաբաթը մէկ-երկու անգամ այցելում էի Պանգալտը թաղում գտնուող նրա հիանալի բնակա­րանը: Դէպքը կատարուել է առաջին այցելու­թեան ժամանակ:

…Մեր սիրելի բարեկամ Արտաշէսը, ինձ ներս հրաւիրելու համար դեռ դուռը չէր լիովին բացել, երբ լսուեց շան հաչոց, որն ինձ սթափեցրեց մի քանի օր ի վեր միտքս տանջող մտածումներից:

   — Մի՜ վախնար, Հենրիկ, հիմա Արտաշը քովի սենեակը կը տանի շունին,- հարեց միջանցքում կանգ­նած Արտաշէսի կինը` Հայկու­հին:

   — Լաքի՜, անդին գնայ, շուտ սենեակդ անցիր…,- Բան չեմ հասկնար Հենրիկ, ի՞նչ եղաւ այս շանը: Ուրիշ ատեն, երբ հիւր մը գալու ըլլայ` շէնքին բոլոր ապրողները կը գիտնան, որովհետեւ հիւրին առա­ջին իսկ յարկ մտնալուն պէս ան կսկսի հաչել:

   — Ես բնաւ հաչոցի ձայն չլսեցի, Արտաշ, նոյնիսկ հիմա լուռ է եւ  շղթան  ձգելուդ  կ՚սպասէ, որպէսզի ինծ­մէ հոտ առնէ…

   — Ի՞նչ կ՚ըսես, Հենրիկ, Լաքիին որեւէ մէկը չի կրնար մօտենալ, ոչ ալ ինքը կը մօտե­նայ անծանօթ մէկու մը, երբ հիւր մը գայ, իրեն քովի սենեակը կը տանինք։

   — Լաքի, ինչ լա~ւ, գեղեցիկ անուն է, երջանիկ շուն, երջա­նիկ ընտանիքի հոգածու­թեան ներքոյ: Հան­գիստ ձգէ Լաքիին, ան զիս չի խածնէր, ան գիտէ, որ ես իր բարեկամն եմ եւ իրմէ չեմ վախնար, մարդոցմէ կը վախնամ, որոնք քեզի խածնելով, ճիշդ է, միս չեն փրցնէր մարմնէդ, սակայն յաւիտեանս կոտտացող  վէրք մը կը ձգեն հոգւոյդ մէջ:

   — Ի՞նչ կը խօսիս, Հերիկ, ի՞նչպէս չի խածներ, մենք ատոր փորձառութիւնը ունինք, կեցիր քովի սենեակը տանիմ:

   — Ո՛չ, մի տանիր, հանգիստ ձգէ իրեն, ես որ չեմ վախնար, դո՞ւն ինչու կը վախնաս: Ուշադիր մտիկ ըրէ թէ ինչ կըսեմ. եթէ տանելու ըլլաս` պիտի ընդ­դի­­մա­նայ, նոյնը պիտի պատահի, եթէ ես փորձեմ դուրս ելլալ, ան գիտէ, որ ես իր բարեկամն եմ, անոնք միշտ գիտեն, թէ որու պիտի խածնեն:

   Այս ասելուց յետոյ, կրնակադարձ վիճակով դռնից դուրս գալու ձեւ արեցի, որի ըն­թաց­քին Լաքին սկսեց կատաղօրէն հաչել: Վերադարձայ նախկին դիրքիս, Լաքին ձայնը կտրեց եւ սկսեց խոշոր պոչը թափա­հարել.

   — Տեսա՞ր, պարոնս,- յաղթականօրէն  դիմեցի Ար­տա­­շին,- հիմա  շղթան  թուլցուր, որ

Լաքին քովս գայ, շղթան  սըխը (ձիգ) բռնէ, չձգես, ինչպէս ժողովուրդը կ՚ըսէ`«Շունին հաւատ ընծայէ, բայց պարանը ձեռ­քէդ մի հանէր»:

   Արտաշը պարանը թուլացրեց այնքան որ, շունը հա­զիւ կարողանայ մօտենալ տա­բատիս: Ես՝ քարացած վիճա­կով, մի քիչ էլ ահը սր­տումս, սպասումի մէջ եմ:

   Երկուսս էլ լարուած ուշա­դրութեամբ հետեւում ենք Լաքիի շարժումնե­րին, մինչ վերջինս մի քանի ան­գամ դանդաղօրէն շուրջս պտտուելով եւ հոտո­տե­լով, վերջապէս կանգնեց առջեւս: Հսկայ գլուխը վեր ցցած, վագրագոյն աչքերը դէմքիս ուղղած, պոչը համես­տօ­րէն շարժելով, յստակ էր, որ իմ շարժումներին էր սպասում:

   — Արտաշ, ամբողջովին թուլցուր  շղթան…, այո՜, այո, այդպէս: Ապրես:

   Լաքին կամաց-կամաց սկսեց փաթաթուել ոտքե­րիս: Ես էլ վերջ տուի քարացած վիճակիս եւ  սկսեցի մեղ­մօրէն շոյել շան գլուխը:

    — Վե՜րջ, Արտաշ, մենք յաղթեցինք, հանէ շղթան շան վիզէն:

   — Ծօ՜, խենթեցա՞ր ինչ է…

   — Հանէ՛ ըսի, Արտաշ, մի վախնար…

   — Հանէ կ՚ըսէ նէ` հանէ, իրաւ ալ` Լաքին արդէն բա­րեկամի աչքով կը նայի Մաես­տրո­­յին,- այս էլ Հայ­կուհին է, որ մինչ այդ լուռ ու մունջ հետևում էր այս` մի քանի վայրկեան տեւած պայքարին:

   — Յայտէ պապա՜մ, հանեցինք…,- բամբ ձայնով գոչեց Արտաշէսը եւ մէկ կողմ նետեց շան վզից հանած շղթան:

   Լաքին  ուրախութիւնից  չգիտէր  ինչ աներ:  Ինձ մոռացած, սկսեց վազել սենեակից-սենեակ, խոհա­նոց, ննջարան,  վերջին  կանգառը  ես էի:  Այդքան երկար վազ­քից յետոյ, շունը  եկաւ, կանգնեց  առջեւս եւ  մի ոստիւնով, առջեւի թաթերով հարուածեց կրծքիս, լե­զուն դուրս նետած, ջա­նաց քիթը բերանը մօտեցնել դէմքիս: Բարեկամու­թիււնը կնքուած էր:

   Ճաշասենեակի լայն գորգին Լաքիի հետ փաթա­թ­ուելուց եւ գրկուելուց յետոյ, հրա­ժեշտ տուի մեր բա­րե­կամ­ներին ու շանը: Վերջինս ուրախ-զուարթ թռչկո­­տե­լով, չորս բոլորս պտտուելով, սրտաճմլիկ հաչոցով՝ Արտաշէսի խստագոյն ցուցմունքից յետոյ, իր խուցը քաշուեց:

   — Այս տասը տարուան ընթացքին ասանկ բան չէ եղած Հենրիկ, ոչ մէկը  կրցած է Լաքիին մօտենալ: Հիւրի մը գալու պարագային պայման է, որ Լաքի­ին իր բոյնը տանինք: Զարմանալի է, առաջին իսկ վայր­կեանէն Լաքին սիրեց եւ կապուեցաւ քեզի:

   — Շուները մարդէն աւելի զգայուն են Արտաշ, Լա­քին առաջին իսկ վայրկեանին հասկցաւ, որ ես շուն շատ կը սիրեմ եւ չեմ վախնար իրենցմէ: Ձեր տուն եկող-գացողներէն ոչ մէկը շուն  սիրած է եւ կամ ալ պճլիկ, գիրկ առնուելիք շուն պահող եղած է: Լաքիին պէս յաղթանդամ, 20-25 քիլոնոց շուն սիրելը տղա­մար­դու գործ է, բարեկամս…:

   Յաջորդ այցելութեանս, հազիւ ոտքս բնակարանից ներս դրած, Լաքին դէմս ցցուեց:

   — Փայտէ՜, շունիդ տէր եղիր հաճիս, խաղալ կ՚ուզէ հետդ:

   Իսկապէս էլ, Լաքին չորս կողմս պտտուելով ու այս ու այն կողմ ցատկռտելով ինձ առաջնորդում էր  հիւրասենեակ, որի մեծ գորգի վրայ կէս ժամի չափ գզվրտուեցինք ես ու ինքը:

   Յաջորդող ամիսների ընթացքին Լաքիին այցելելիս ամէն անգամ խորոված հաւ (գրիլ) էի տանում իմ սիրելի շանը, որը  մի քանի  վայրկեանում  այն լա­փե­լուց յետոյ, պարտադրաբար մի քանի վայրկեան ինձ հետ պիտի թա­ւալուէր խոշոր գորգի վրայ:  

    …Առաջին շունը, որ յայտնուեց մեր ընտանիքում Համաշխարհային երկրորդ պատե­րազմից յետոյ էր: Հայրիկս նոր էր վերադարձել Ռումինիայից ու անմի­ջապէս մայրիկիս հանել էր տուել աշխա­տան­քից. «Դու տանը մնայ եւ երեխաներին հոգ տար»,- ասել էր նա ու աւելացրել,- ես կը վերադառնամ իմ նախ­կին աշխատանքին:

   Խեղճ, միամիտ հայրիկս չգիտէր, որ իր ռազմագե­րի լինելու պատճառով ոչ ոք իրեն աշխատանք չէր տալու: Դա արդէն առանձին պատմութիւն է:

   Նրա վերադարձի առաջին իսկ ձմռանը, փողոցում, մի պատի տակ կծկուած փոքրիկ շնիկ տեսայ: Ես, որ հազիւ եօթ տարեկան էի, ի՞նչ կարող էի անել, եթէ  ոչ շնիկին գրկել ու տանել տուն:

   — Տղաս, ի՞նչ պիտի անենք այս շնիկը, մենք ինքներս անօթի, ի՞նչպէս պիտի կերա­կրենք այս շանը: Ախր նա հովիւի շան ցեղից է, հաչել էլ չի կարող։

   — Վնաս չունի, Յակո՜բ,- ասաց մայրիկս,- նա էլ մեզ հետ եոլայ կը գնայ, ի՞նչ անենք, խեղճ հայվանին փողո՞ց նետենք…:

   Վճիռն արձակուած էր. շնիկը մեզ հետ էր ապրե­լու, մեզ հետ պիտի բաժաներ մեր խեղճուկրակ ուտե­լիքը: Ժոլին (առաջին իսկ վայրկեանին մայրիկս կնքեց նրա անունը, որ ֆրանսերէն է եւ նշանակում է գեղեցիկ, սիրուն) ինձ հետ մեծացաւ, ինձ հետ բաժանեց  մանկութիւնս ու  պատանեկու­թեան առա­ջին տարիները:

   1956 թուականին ինձ տարան խորհրդային բանակ` երեք տարուայ ծառայութեան, բայց ես ճիշդ եւ ճիշդ  չորս ամիս յետոյ Երեւանում էի: (Սա էլ այլ պատ­մութիւն է, որ ուրիշ առիթով կը պատմեմ):

  Անակնկալ անելու մտադրութեամբ մերոնց տե­ղեակ չէի պահել իմ վերադարձի մասին: Երեւանի երկա­թու­ղային կայարանից հանրակառք վերցրի մեր տուն հասնե­լու համար:

   Կանգառից մինչեւ մեր տուն հազիւ 500 մետր  է: Մինչ ես քայլում եմ, մայրս նկատում է, որ ծերութեան հասած  Ժոլին անհան­գիստ շարժում­ներ է անում եւ աշխա­տում է շղթա­զերծ լինել: Շան կատաղութիւնն այնքան է բորբոք­ւում, որ վերջինս կարողանում է ազատուել շղթայից ու իրեն փողոց նետել` ինձ դիմաւորելու համար:

   Ահագին հեռաւորութիւնից մեր Ժոլին հոտառու­թեամբ զգացել էր, որ տանն է մօտենում իր տէրը: Կորած հարազատին գտած լինելու պէս առաջինը նա էր, որ փա­թաթուեց ինձ ու առատ թքով լուաց դէմքս:

   Դրանից յետոյ երկար չ՚ապրեց մեր Ժոլին եւ որ­պէսզի իր վախճանը չտեսնեմ, մարդ կանչել տուինք յատուկ ընկերութիւնից, իսկ մինչ նրա գալը ես արդէն երկու օր բացակայել էի տնից, որպէսզի չտես­նեմ, չապրեմ անխուսափելի բաժանման պահը:

* * *

   Յաջորդ շունը, որ ունեցանք, 1990 թուականին էր, Ամերիկա­յում:

   Մի օր, որդիս` Արամը, ընկերոջ հետ, ֆրանսիական «Պուդլ» ցեղի շունը գրկին մեր

տան բակից ներս մտաւ.

— Հայրիկ,- ասաց նա,- այս շունիկը 2-3 ամիս  մեզ մօտ պիտի մնայ: Ընկերս Նիւ Եորք պիտի գնայ եւ մտերիմ մէկը չունի, որպէսզի նրա մօտ կարողանայ թողնել Սենտիին (այդպէս էր շան անունը):

   Կինս` Մարիէթան, առարկեց, որովհետեւ շատ էր վախենում  շներից: Ի վերջոյ համոզեցինք, եւ այդ գոր­ծում մեծ դեր խաղաց մայրիկս` տիկին Վերժինէն, ատա­պազարցի այդ գիտուն եւ շենշող կինը:

   Կարճ ժամանակ անց, առանց Սենտիի հնարաւոր չէր պատկերացնել մեր գոյու­թիւնը: Բոլորս խենթի պէս կապուել էինք շան հետ, մանաւանդ` կինս: Մեր յայտագիր­ներից ամբողջովին ջնջուեցին ընտանեօք քաղաքից  բացակայելը, որեւէ տեղ գնալը: Եւ եթէ պատահեր, որ ամբողջ ցերեկը միայնակ թողնէինք Սենտիին, խեղճը իր բնական պէտքերը պահում էր մինչեւ մերոնցից որեւէ մէկի գալը, որպէսզի խցանի պէս դուրս նետուի՝ իր պէտքերը հոգալու համար:

   Երեք ամիս անց, ըստ պայմանաւորուածութեան, մեր տուն եկաւ Արամիս ընկերը: Մենք արդէն գիտե­ինք, որ նրա գալու ժամանակն էր եւ ամէնքս իւրո­վի ծանր էինք տանելու Սենտիից բաժանուելու պահը: Բայց հակառակ մեր սպասածի, երիտասարդը եկել էր խնդրելու, որ մէկ-երկու ամիս եւս հոգ տանենք Սենտիին, որովհետեւ իր վարձած յարկաբաժնում արգելուած էր շուն պահելը:

   Երիտասարդը խնդրեց եւս երկու ամիս հոգ տանել Սենտիին` մինչեւ որ ինքը կարո­ղանայ հարմար բնակա­րան գտնել: Երկու ամիսն էլ անցաւ, բայց շնատէրը մէջտեղ չկար: Մի օր, երբ ամէնքս սեղանի շուրջն էինք, դիմեցի Արամին.

   — Արամ, տղաս, նայիր, հաւանաբար այս օրերին բարեկամդ կը գայ Սենտիին տանե­լու, բայց մենք Սենտիին չենք տալու, ականջիդ օղ արա, հասկա­ցա՞ր…

   Կարծես բոլորի սրտից էի խօսել: Նոյնը կրկնեցին թէ՛ մայրս, եւ թէ՛ Մարիէթան:

   — Արդէն ընտանիքի անդամ է դարձել Սենտին, մենք չենք կարող բաժանուել նրանից,- հարեց Մարիէթան: Իսկապէս էլ, Սենտին դարձել էր յոյժ անհրա­ժեշ­տու­թիւն մեր տան մէջ: Առանց նրա անկարելի էր երեւակայել մեր կեանքը, մանաւանդ մայրիկիս կեանքը: Իր ընկերն էր Սենտին, խօսակիցը: Ամբողջ ցերեկը նրա հետ էր, միայն երեկոներն էր վերապահուած մեզ, իսկ գիշերները միայն իմն էր, անկողնուս վրայ, ոտքերիս տակ էր քնում:

   Մի օր Արամն ասաց, որ ընկերը գալու է շանը տանելու: Ամէնքս մեր որոշումը տուել էինք արդէն, նոյնիսկ առանց իրար հետ խորհրդակցելու, ի՞նչ, Սենտիին տանելո՞ւ են, անկարելի է…

   Մի քանի օր յետոյ տղան երեւաց մեր բակում: Իր նախկին տիրոջը տեսնելուն պէս, Սենտին վազեց դէպի նա: Տղան գիրկն առաւ շնիկին եւ համ­բոյր­ներով ողողեց շուարուն  կենդանուն: Վեր­ջինս  տիրոջ  գրկից իջնելուց  յետոյ, չէր իմանում  անելիքը,

մէկ ինձ մօտ էր գալիս, մէկ` մայրիկիս, մէկ Արա­մին:

   — Տղաս, դու Սենտիին չես կարող տանել,- նախա­հար­ձակ ոճով ասացի ես:

  — Ինչպէ՞ս…

  — Ճիշդ այդպէս,  դու գրեթէ վեց  ամիս Սենտիին  թո­ղե­ցիր  մեզ մօտ  եւ մենք վարժուե-­

ցինք նրան եւ առանց նրա չենք կարող պատկերացնել մեր կեանքը, ու մեր իրաւունքն

է այսուհե­տ նրան պահել մեր տան մէջ, որպէս լիիրաւ ան­դամի:

   — Ո՛չ, ո՛չ, չենք կարող տալ,- աւելացրեց Մարիէթան:

   — Ի՞նչպէս կարելի է, ես առանց Սենտիի չեմ կարող ապրել, դուք գիտէ՞ք, թէ ինչ խելացի շուն է նա,- ասաց խեղճացած երիտասարդն ու սկսեց հեկե­կալ.

      Երիտասարդի հեկեկոցը խախտեց նաեւ մեր հաւասարակշռութիւնը եւ՝ կարծես ձէնձէնի տուած, մենք էլ սկսեցինք լաց լինել: Մթնոլորտը խաղաղ վիճակի բերելու մտա­հոգու­թեամբ, սկսեցի իմ «ճառը».

   — Ինձ լսիր, տղաս, ճիշդ է, այս շունը, որին նոյնիսկ դժուարանում եմ շուն անուա­նել, ինձ համար համր մարդ է, խելքը տեղին եւ աւելի հաւատարիմ, քան շատ յաճախ մարդը մարդուն: Քոնն է Սենտին, բա­րե­կամս, այո, բայց մի քիչ էլ մերն է եւ մենք վար­ժ­ուեցինք նրան ու նա էլ մեզ: Կէս տարի նա մեզ հետ է, որպէս մեր բազմանդամ ընտանիքի հարազատ ան­դամ: Որքան որ գիտեմ, մենակ տղայ ես, դու պի­տի աշխատես կամ ուսանես, ո՞վ է հոգ տանելու Սենտիին, մտածե՞լ ես այս մասին: Այս վեց ամսում 2 ան­գամ  2-3 օր հիւանդանոցում է եղել, դու կարո՞ղ ես այդքան ժամանակ ու նիւթական տրամադրել նրա համար: Այնպէս որ, տղաս, դու Սենտիին թող մեզ մօտ եւ երբ ցանկանաս, կարող ես գալ ու սիրել շունիկիդ:

   Տղան, իհարկէ դժուարութեամբ, համաձայնուեց եւ արցունքով ողողուն համբոյրներ դրոշմեց շան քթին, բերնին ու առանց մի բառ ասելու, հեռացաւ:

   Դրանից յետոյ միայն երեք տարի կարողացանք վայելել Սենտիին: Մայրիկիս մահ­ուան օրը, 1993 թուա­­կանի Նոյեմբերի 23-ին Սենտին անյայտացաւ տնից: Ամենուր փնտռեցինք, ամբողջ Հոլիուտը տակ­նուվրայ արեցինք, ոստիկանութեանը լուր տուինք, բայց` անօ­գուտ:

   Փորձառու մարդիկ ասում են, որ երբ տանը մէկը մահանում է, շները չեն դիմանում այդ ցաւին եւ գնում, մի ծածուկ տեղ, աչքից հեռու աւանդում են հոգին: Թերեւս այդպէս եղաւ մեր Սենտիի պարա­գա­յում: Ո՞վ գիտի, գուցէ ճիշդ  է թէ շներն էլ մարդ­կանց նման սիրել գիտեն:

   — Սովորելու բան ունենք նրանցից,  հը՞… թերևս…

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img