Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանն իր կյանքի տարբեր շրջանների մասին կպատմի գեղանկարների, երգերի, հետաքրքիր մենախոսության միջոցով:
Արվեստասերները Պետրոսյանի՝ «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդես-ներկայացումը կարող են վայելել մարտի 18-28-ը Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Ցուցասրահը բաց կլինի առավոտից, իսկ ամեն օր՝ երեկոյան ժամը 19:00-ին, դերասանն այցելուներին կներկայացնի իր նկարների պատմությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանը խոստովանում է, որ հաճախ չի խոսում այդ մասին, բայց մասնագիտությամբ նկարիչ է: Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, հետո՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը:
«Ցուցահանդեսում կներկայացվեն երեք ժամանակահատվածի իմ նկարները. երիտասարդական շրջան, որը կոչվում է «Գարուն ա», դեպրեսիվ շրջան, որը կոչվում է «Գարուն ա, ձյուն ա արել» և ժամանակակից շրջան, որը կոչվում է «Գողգոթա»: «Գարուն ա»-ն այն փուլն է, երբ ես ջահել եմ: Վան Գոգյան, Գոգենյան լուսավոր ժամանակներն են, խենթությունների տարիներ, որոնք արտահայտվում են իմ աշխատանքներում: Դեպրեսիվ փուլը նման է մեր այսօրվա ժամանակներին. մարդիկ են, որոնք փակուղում են, սեղմված են պատերի մեջ, չռված աչքերով են, տխուր հայացքներով, շատ դառնացած դեմքերով են: Իսկ «Գողգոթա»-ն այն շրջանն է, որը մարդկանց պետք է օգնի դուրս գալ ըստ իս՝ ծանր կացությունից: Սա մի ելք է»,-նշում է արտիստը: