Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 100-ամյակի առթիվ մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում տեղի ունեցավ «Հատուկ գործ». Սպանել Թալեաթին» խորագրով դասախոսությունը, որն անցկացրեց գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Խանումյանն ասաց, որ փորձելու է նյութը ներկայացնել ոչ կարծրացած պատմագիտական տեսանկյունից: «Ամեն թվի, անվան վերաբերյալ քննադատական մոտեցում եմ ունենալու: Մեր պատմագիտության մեջ քարացած բաներ շատ կան. օրինակ՝ 41 հոգանոց ցուցակը, կամ ինչու էր գործողությունը կոչվում «Նեմեսիս»: Ես փորձելու եմ այս հարցերի հետքերով գնալ և ինձ համար գոնե բացահայտումներ անել, հասկանալ, թե առաջին անգամ ցուցակի մասին, որտեղ են տվյալներ հրապարակվել, ովքեր են եղել առաջին ուսումնասիրողները, ինչ հետքով են տարել ամեն բան: Եթե չլինեն այդ հարցերի պատասխանները, մենք շարունակելու ենք նույն կարծրատիպերով ուսումնասիրել պատմությունը»,-ընդգծեց նա:
Խանումյանի խոսքով՝ «Նեմեսիս»-ը լայնամասշտաբ գործողություն է եղել, և հանրությունը միայն որոշ մասնակիցների անուններ գիտի: «Այն հանգամանքը, որ այդ որոշումը կայացվել է 1919 թվականի սեպտեմբերին ՀՀ մայրաքաղաքում, և որ որոշում կայացնողն իշխող կուսակցությունն էր, կարող ենք հետևություն անել, որ այն պետական դրոշի քաղաքականություն է եղել և խիստ գաղտնի: Անգամ Հայ հեղափոխական դաշնակցության շատ անդամներ տեղեկացված չեն եղել գործողության մանրամասների մասին»,-շեշտեց ֆոնդապահը:
Դասախոսության ընթացքում բանախոսը լուսաբանեց Սողոմոն Թեհլիրյանի կենսագրության անհայտ դրվագները՝ նշելով, որ ոչ ճիշտ մեկնաբանություններ կան՝ սկսած նրա ազգանվան ոչ ճիշտ արտաբերումից: «Իրականում նրա ազգանունը Թեհլիրյան է: Նրա նախնին Թեհլիրն է: Այդ խնդրահարույց հարցը գալիս է դեռ 1921 թվականից, երբ թերթերում Սողոմոնի ազգանունը սխալ տպագրվեց: «Առավոտ»-ը տպագրել էր Թեյլերյան, արևելահայերենում այն նույնպես սխալ էր, բայց 1993-ին ռուսերեն թարգմանությամբ հրատարակված հոդվածում ճիշտ ուղղագրությամբ էր»,-ասաց Գոհար Խանումյանը:
Նա նշեց, որ Սողոմոն Թեհլիրյանի կենսագրության հիմնական սխալ տեղեկատվությունը, որը ներառվել է հանրագիտարաններում, այդ թվում նաև Հայկական հարց հանրագիտարանում, նաև այն է, որ իբր Թեհլիրյանը եղել է Հայոց ցեղասպանության վերապրող և տեսել է իր ծնողների տեղահանությունն ու սպանությունը: «Սողոմոն Թեհլիրյանը դաշնակցական գործիչ Վահան Մինախորյանին թելադրել է իր պատմությունը, որը լույս է սփռվում շատ մութ հարցերի այդ թվում և կենսագրության այդ դրվագի վրա: Պարզվում է, որ Թեհլիրյանը 1914 թվականին Սերբիայում է եղել, որտեղ ապրում էին նրա հայրն ու հորեղբայրները: Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, և եվրոպական երկրներում բավականին ակտիվ կազմավորվել են հայկական կամավորական ջոկատներ, Թեհլիրյանն արդեն նոյեմբերին ընդգրկվել է այդ ջոկատներից մեկում և որպես կամավորական կռվել է Անդրանիկի ջոկատում: Հետագայում կարևոր ռազմական գործողությունների է մասնակցել, այդ թվում և Դիլմանի ճակատամարտին, որը բեկումնային էր, իսկ 1916-ին որպես կամավորական Երզնկա է գնում ու տեսնում, որ այն հայաթափված է: Թեհլիրյանը մտնում է իր հայրենի տուն, տեսնում, որ այն ավերակ է: Ինչպես վկայում է Թեհլիրյանի հարազատներից Արա Օսկանյանը, իրենց հարազատներից մոտ 85 հոգի սպանվել էր: Այդ տոհմածառը կազմել է Արա Օսկանյանի պապը՝ Թեհլիրյանի հորեղբայրը: Այդ ժամանակ Սողոմոն Թեհլիրյանը փորձում է գտնել իր կենդանի մնացած հարազատներին, պարզվում է, որ նրա եղբայրներից Ավետիսը սպանվել է այնտեղ, ինչպես նաև մայրը: Զարմիկները նույնպես սպանվել են»,-պատմեց Գոհար Խանումյանը:
Նա ընդգծեց, որ այդ ժամանակ Թեհլիրյանն էպիլեպսիայի առաջին նոպան է ունեցել և մոր տեսիլքն է տեսել, ինչը հետագայում նրա դատապաշտպաններն օգտագործել են որպես դատավարության հիմնական մեխ: «Դատավարության ժամանակ Թեհլիրյանը ներկայացվել է, որպես մարդ, որն ականատես է եղել իր հարազատների սպանությանը, տեսել է, թե ինչպես են բռնաբարել իր քրոջը, սպանել մորը, այնինչ դա արվել էր, որ Թեհլիրյանը դատվեր գերմանական քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածով: Այսինքն՝ հանցագործություն չի եղել, եթե հանցագործը այդ պահին աֆեկտի ազդեցության ներքո է եղել»,-շեշտեց ֆոնդապահը:
Գոհար Խանումյանը խոստովանեց, որ գործի վերաբերյալ ինֆորմացիան իրականում շատ քիչ է, չնայած հրատարակվել են «Նեմեսիս»-ի մասնակիցների հուշագրությունները, որոնք կարևոր սկզբնաղբյուրային նշանակություն ունեն, քանի որ դրանցով են առաջնորդվում: Տարիներ հետո հնարավոր է՝ գործողության մասնակիցների վերաբերյալ նոր տեղեկություններ գտնվեն:
Դասախոսության մուտքն ազատ էր. ներկա էին թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ, հյուրեր, նյութով հետաքրքրված անձինք: