Վարդուհի Վարդերեսեան (մարտի 19, 1928, Պուխարեստ, Ռումինիա — նոյեմբերի 24, 2015, Երեւան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արթիսթ։
ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Գէորգ Ապաճեանի կինն է։
Ծնուել է 1928 թուականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Պուխարեստում։ Դերասան, թատերագէտ Գէորգ Ապաճեանի կինն է։ 1946 թուականին տեղափոխուել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուպարաշէնի ինքնագործ թատրոնում։ 1947 թուականին ընդունուել է Լենինականի տրամատիկական թատրոնին կից ստուտիա եւ նոյն թուականից խաղացել է թատրոնում։ 1958 թուականից տեղափոխուել է Երեւանի Սունդուկեանի անուան թատրոն։ Կերտել է բազմաթիւ դերեր թատրոնում՝ Շիրվանզատէի «Պատուի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Պալենու այգի»՝ Ռանեւսկայա, Դիւրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասեան, Սարոեանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստուածներ»՝ Իշխանուհի եւ այլն։ Խաղացել է նաեւ արեւմտահայ դերերում՝ «Պաղտասար Աղպար»՝ Անուշ եւ այլն։ Նկարահանուել է «Պատուի համար», «Մօր սիրտը», «Ճանապարհ դէպի կրկէս», «Հայրիկ», «Կարինէ» եւ այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռատիոյի ոսկէ ֆոնտում ունի աւելի քան 100 ձայնագրութիւն։ 1958 թուականից նկարահանուել է հեռուստաներկայացումներում, ի դէպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թուականին հրաւիրուել է Սիրիայի Հալէպ քաղաքի «Ադամեան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկէ մետալի։ Ստացել է բազմաթիւ պետական բարձրագոյն պատուոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թուականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թուականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արթիսթի կոչմանը։ 1995 թուականին պարգեւատրուել է ՀՀ «Մովսէս Խորենացի» մետալով, 2001 թուականին՝ Երեւանի պատուաւոր քաղաքացու կոչումով, 2013 թուականին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։