Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 1921 թ․ մարտի 16-ին Մոսկուայում ստորագրուած պայմանագրի 100-ամեակի առիթով մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի, Խ․ Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Ռուսաստանի Դաշնութեան մի խումբ առաջատար մասնագէտների հետ հրաւիրուած կլոր սեղան-քննարկման մասնակիցներին՝ ուղեկցութեամբ ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս, պ․գ․դ․, փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանի եւ Խ․ Աբովեանի անուան ՀՊՄՀ ռեկտոր, պ․գ․դ․, փրոֆեսոր Ռուբէն Միրզախանեանի։
Հանդիպմանը պրն․ Ռուբէն Միրզախանեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց քննարկման առիթով Հայաստան ժամանած մասնագէտներին եւ տեղեկութիւններ հաղորդեց կլոր սեղան-քննարկման արդիւնքների վերաբերեալ։ Հայաստանի եւ Արցախի համար դժուարին այս շրջանում նախաձեռնութիւնը օգտակար նկատեց քննարկման մասնակից, «Միջազգային վերլուծութիւն» ամսագրի գլխաւոր խմբագիր պ․գ․թ․ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով նաեւ արցախեան պատերազմի հետեւանքներին եւ տարածաշրջանում առկայ մարտահրաւէրներին։
Այնուհետեւ ներկաներին իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակութիւն արտայայտելով կարեւոր այս նախաձեռնութեան կազմակերպման առիթով։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց գիտակրթական հաստատութիւնների պատասխանատուներին եւ մասնակից փորձագէտներին՝ ընդգծելով անհրաժեշտութիւնը նման պատմական իրադարձութիւնների համատեղ վերարծարծման, ինչը նաեւ նպաստում է երկու բարեկամ ժողովուրդների յարաբերութիւնների եւ փոխգործակցութեան առաւել սերտացմանը։
Անդրադարձ կատարելով արցախեան երկրորդ պատերազմին՝ Նորին Սրբութիւնը ներկայացրեց պատճառուած վնասները, խօսեց հայրենիքի կորստեան ցաւի եւ առկայ մարտահրաւէրների, միջազգային հանրութեան արձագանքի մասին։ Այս կապակցութեամբ Հայոց Հովուապետն իր գնահատանքը յայտնեց ՌԴ իշխանութիւնների կողմից պատերազմական գործողութիւնների կասեցման եւ տարածաշրջանում խաղաղութեան վերահաստաման գործում ներդրած ջանքերի առնչութեամբ՝ Արցախի շուրջ առկայ խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը։
Նորին Սրբութիւնը տեղեկացրեց նաեւ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ Դադիվանքի հոգեւոր կեանքի ու անխաթար աստուածպաշտութեան եւ սահմանամերձ վանքերի անվտանգութեան ապահովումը։ Հայոց Հայրապետը մասնաւոր անդրադարձ կատարեց գրաւուած եւ յանձնուած տարածքներում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգութեան հանդէպ որդեգրուած ռազմավարութեանը, մասնաւորապէս պատմական յուշարձանների եւ սրբավայրերի աւերման, անարգման ու պղծման, հայկական ինքնութեան ոչնչացման դէպքերին՝ յոյս յայտնելով, որ այս երեւոյթները կ’արժանանան միջազգային հանրութեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատշաճ գնահատականի։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հիւրերի հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն ի նպաստ միջեկեղեցական եւ միջկրօնական ձեւաչափով կատարուած աշխատանքներին, Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ Մայր Աթոռի կողմից ձեռնարկուող քայլերին եւ Հայաստանում ներքաղաքական կեանքի զարգացումներին։