Մելս Գէորգի Սանթոյեան (մարտի 22, 1938, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ — մարտի 19, 2017, Վանաձոր, Հայաստան), հայ գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր։
Ծնուել է 1938 թուականի մարտի 22-ին Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր)։ 1956 թվականին աւարտել է տեղի թիւ 1 դպրոցը, այնուհետեւ ուսումը շարունակել է Երեւանի Խ. Աբովեանի անուան մանկավարժական ինստիտուտի պատմալեզուագրական ֆակուլտետում՝ գերազանցութեամբ աւարտելով այն 1962 թուականին։ Ինստիտուտում սովորելու տարիներին ստացել է Լենինեան կրթաթոշակ։ Ինստիտուտն աւարտելուց յետոյ աշխատել է Կիրովականի 3-րդ գիշերօթիկ դպրոցում՝ որպէս աւագ ջոկատավար, ԵրՊԻ-ի Կիրովականի մասնաճիւղում՝ փիլիսոփայութեան աւագ դասախօս։
1969 թուականից աշխատում է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում (ներկայում՝ Վանաձորի պետական համալսարան)։ 1969-1970 թուականներին աշխատել է որպէս Կիրովականի մանկավարժական ինստիտուտի մանկավարժութեան ֆակուլտետի դեկան, 1970-1974 թուականներին՝ բանասիրական ֆակուլտետի դեկան, 1974-1978 թուականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1988- 2013 թուականներին՝ քառորդ դար, ղեկավարել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականութեան ամբիոնը։
1972 թուականին ստացել է բանասիրական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան՝ «Չարենցի գեղագիտական հայեացքները» թեկնածուական ատենախօսութեան համար, 1976 թուականին՝ դոցենտի կոչում։ 2003 թուականին նրան շնորհուել է բանասիրական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան («Էպիկական կերպարի ստեղծման չափումները»), 2009 թուականին՝ փրոֆեսորի կոչում։ Յիսունից աւելի գիտական յօդուածների, ինչպէս նաեւ բազմաթիւ հրապարակային ելոյթների, զեկուցումների, յոբելենական երեկոների հեղինակ է։
Հայաստանի գրողների եւ թատերական գործիչների միութիւնների անդամ է։