«Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական հասարակական կազմակերպութեան անդամներն ու մի խումբ համախոհներ՝ ի նշանաւորումն Օսմանեան Թուրքիայի դէմ յոյների ազգային ազատագրական պայքարի 200-ամեակի, մարտի 25-ին այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մօտ, եղել Հայոց Ցեղասպանութեան թանգարան – ինստիտուտում։
«Յոյների ազգային ազատագրական զինեալ պայքարն ընդդէմ Օսմանեան կայսրութեան սկսուեց 1821 թուականին եւ աւարտուեց տարիներ անց՝ Յունաստանի անկախ թագաւորութեան հռչակմամբ։ Յոյները անկախ պետականութեան հասան շնորհիւ իրենց միասնականութեան։ Այն, ինչ այսօր պակասում է մեզ՝ հայերիս։ Միաբան լինելով՝ զօրու կը լինենք վերականգնել պատմական արդարութիւնը եւ տէրը դառնալ մեր կորցրած հայրենիքի»,- այցի ընթացքում ասել է միջոցառումը նախաձեռնած ՀԺՇ հայրենասիրական հ/կ հայաստանեան գրասենեակի համակարգող Վազգէն Պետրոսեանը։
Միջոցառմանը ներկայ գրականագէտ, գրող Կարօ Վարդանեանն ու գրականագէտ Աբգար Ափինեանը իրենց խօսքում անդրադարձել են հայ եւ յոյն ժողովուրդների պատմական անցեալի նմանութեանը եւ ընդգծել միասնականութեան կարեւորութիւնը Յունաստանի անկախացման ու հայութեան եւ հայկական պետականութեան զօրացման հարցում։
25 Մարտ 2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ