Պետք է զարգացնել հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները, ձևակերպել այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա Հայաստանի անվտանգության ապահովման ամենակարևոր ու արդյունավետ գործիքը: Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա Հայաստանի համար շատ կարևոր թեմա է համարել Զինված ուժերի և բանակի բարեփոխումները: «Այսօր մենք լրջորեն լծվել ենք, լծվում ենք բանակի բարեփոխումներին», շեշտել է ՀՀ վարչապետը և կարծիք հայտնել, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
«Դուք գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ: Մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները: Ձևակերպենք այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր ու արդյունավետ գործիքը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: