Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ամերիկայի Միացեալ Նահանգների արտակարգ եւ լիազօր դեսպան Լին Մ․ Թրեյսիին։
Վեհափառ Հայրապետն ի դէմս դեսպանի իր գնահատանքը փոխանցեց ԱՄՆ իշխանութիւններին՝ համավարակի պայմաններում եւ յատկապէս պատերազմեան ու յետպատերազմեան դժուարին շրջանում դեսպանատան միջոցով Հայաստանին եւ Արցախի ժողովրդին ցուցաբերուող հումանիտար աջակցութեան համար։
Անդրադառնալով Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւններին եւ յետպատերազմեան հետեւանքներին՝ Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կը շարունակեն իրենց ջանքերը ներդնել տարածաշրջանում կայունութեան հաստատման եւ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ եւ արդար կարգաւորման ուղղութեամբ։
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց համավարակի պայմաններում Հայոց Եկեղեցու իրականացրած ծրագրերին եւ կրած ազդեցութիւններին։ Խօսուեց պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից ցուցաբերուած աջակցութեան, ինչպէս նաեւ զինծառայողների եւ Արցախից տեղահանուած ընտանիքների հոգեւոր խնամքի մասին։ Վեհափառ Հայրապետի կողմից տեղեկութիւններ փոխանցուեցին առ այսօր շարունակուող սոցիալական աջակցութեան ծրագրերի, զոհուած եւ անյայտ կորած զինուորների ընտանիքների հետ տարուող հովուական աշխատանքի վերաբերեալ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնաւորապէս արծարծեցին գերութեան մէջ յայտնուածների ազատ արձակման եւ անյայտ կորածների յայտնաբերման ուղղութեամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկուող միջոցների հարցը։ Հանգամանօրէն քննարկուեցին գրաւուած եւ յանձնուած տարածքներում Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրները, սրբավայրերի պղծման եւ ոչնչացման փաստագրուած միջադէպերը։