Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:
Արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ով լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ բազմաթիվ հուշեր ունի Կոմանդոսի հետ կապված: «Իմ հիշողության մեջ Կոմանդոսը հոյակապ անձնավորություն էր, շատ բարի, խորը, նվիրյալ մարդ, և այդպես էլ իրեն հիշելու եմ»,- ասաց Սարգսյանը:
Ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նա Կոմանդոսին համարում է լեգենդար զորահրամանատար և հերոս, ով իր մեծ ավանդն է ներդրել Արցախի ազատագրման գործում և Արցախյան առաջին պատերազմում:
«Բոլորի համար` զինվորների, սպայական կազմի, քաղաքացիների համար նա մարդու և հերոսի ամենալավ օրինակն է»,- շեշտեց Միրզոյանը:
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը լեգենդար հրամանատարին ճանաչել է դեռ 1990-ականներից: ՊՆ նախարարը հիշում է, որ ռազմաքաղաքական ամենադժվարին պահին Կոմանդոսը մեկնեց Ղարաբաղ: Լեգենդար հրամանատարը մի կողմից մասնակցում էր մարտական գործողություններից, մյուս կողմից՝ ձևավորում էր Արցախի բանակը: Հարությունյանը ընդգծեց, որ այդ ժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանը կարողացավ ճիշտ գնահատել բարդ իրավիճակը և գտնել լուծումներ:
«Նա օբյեկտիվ գնահատում էր իրավիճակը և ուներ մի ցանկություն, որպեսզի մեր բանակը լիներ մարտունակ և մեր պետությունը դուրս գար այս ամեն ինչից հաղթանակած»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես առանձնացրեց Կոմանդոսի մեծագույն դերակատարությունը Արցախյան առաջին պատերազմում:
«Մեծ ներդնում է ունեցել նա Շուշիի ազատագրման պայքարի ժամանակ, ինքն է գլխավորել այդ օպերացիան: Սա մեծ կորուստ է մեզ համար: Նա որպես օրինակ պետք է ծառայի մեր Զինված ուժերի և զինծառայողների համար և նրա կերպարը, կարծում եմ, մեր պատմության մեջ դաջված է մնալու»,- ասաց Ավինյանը:
Երկրապահ միության նախագահ Սասուն Միքայելյանն էլ նշեց, որ Կոմանդոսը Արցախի ժողովրդի կողմից շատ սիրված մարդ էր և հրամանատար: «Կոմանդոսը թե բանակաշինության, և թե ընդհանրապես Երկրապահի ձևավորման մեջ առանձնահատուկ դերակատարում է ունեցել»,- եզրափակեց Միքայելյանը:
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում: Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։
1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին: Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) մահացել է 2021 թվականի մարտի 31-ին կյանքի 82-րդ տարում: