ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Ցնցող է, անսպասելի, սարսափելի…
Հոգիս տակնուվրայ եղաւ՝ լսելով մեր սիրելի Էվելինայի կորստաբեր բօթը։
Դժուարանում եմ գրել՝ արդեօ՞ք հնարաւոր է Էվելինայի մասին խօսել անցեալ ժամանակով…
Այդքա՜ն կեանքով լեցուն, այդքա՜ն ծրագրեր ու գաղափարներ ունեցող, այդքա՜ն հայրենասէր եւ այդչա՜փ մարդասէր մեր բացառիկ Էվելինան, ով ունէր ստեղծագործ միտք եւ պայծառ երեւակայութիւն, անհուն սէր առ իր ընտանիքը, ընկերները, ժողովուրդն ու Հայրենիքը…
Եւ յանկարծ համազգային հոգսերով ապրող նուիրեալ հայուհին այսօր մեզ հետ չէ:
Չարանենգ հինաւանդութիւնն իր ճիրաններով հասաւ մեր աննման Էվելինային եւ ընկճեց նրա յամառ ու այնքա՜ն փխրուն ոգին:
Այս ամիսներին մենք շատ կորուստներ ենք կրել, կորցրել հազարաւոր պայծառ երիտասարդներ, արնածոր են մեր սրտերն ու հոգիները, անչափ է տառապանքը Արցախ աշխարհի անդամահատման համար…
Այս անհուն վշտին գումարւում են համավարակի հասցրած դաժան հարուածները։ Անտեսանելի թշնամին ամեն օր խլում է տասնեակ փայլուն մարդկանց կեանքեր՝ հոգեկան անասելի ցաւ պատճառելով հարազատներին ու ընկերներին:
Տասը տարի շարունակ Էվելինան կողքիս է եղել, մեր թիմի հետ մասնակցել հետաքրքիր, կարեւոր եւ ազգաշահ գործի՝ ՀՀ Սփիւռքի նախարարութեան հիմնադրմանն ու զարգացմանը, հայրենասիրական բազում ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համազգային ձեռնարկների կենսագործմանը:
Օրեցօր բացայայտւում էին նրա կարողութիւնները, դրսեւորւում բարեխիղճ մօտեցումներն ու աշխատանքի նկատմամբ պատասխանատուութիւնը: Պատահական չէր, որ տարիների ընթացքում առաջատար մասնագէտից դարձաւ գլխաւոր մասնագէտ, ապա Սփիւռքի նախարարութեան մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ: Անհանգիստ, պրպտող, իր գործը սիրող, նուիրեալ անհատականութիւնն անաչառ ու սկզբունքային էր բոլոր հարցերում: Նրա համար ընդունելի չէին անազնուութիւնն ու երեսպաշտութիւնը, սուտն ու բամբասանքը: Իր արդարամիտ կեցուածքով եւ բիւրեղեայ հոգեկերտուածքով նա անմիջապէս դիմացինի յարգանքին ու համակրանքին էր արժանանում, երբեմն նաեւ ընդվզում էր: Ես հիանում էի նրա հայրենասիրական մղումներով ու նախաձեռնութիւններով, պայծառ մտքերով, ազգային գաղափարներով, Էվելինայի համարձակ կերպարով, նրա վառ անհատականութեամբ:
Էվելինան միջանձնային յարաբերութիւններում նաեւ ամօթխած էր ու խոհեմ, բարի ու մարդկային, ջերմ ու հոգատար:
Խորապէս վշտակցում եմ Էվելինայի ամուսնուն, երեխաներին, այն հրաշք թոռնիկներին, որոնք նրա երջանկութեան աղբիւրն էին, ցաւակցում եմ գործընկերներին, բոլոր մերձաւորներին…
Իսկապէս, բառերը կարկամում են, չկան խօսքեր, որոնցով կարողանամ մխիթարել ձեր անդառնալի կորուստը:
Հեռացաւ հոգատար մայրը, հաւատարիմ կինը, սիրասուն տատիկը, նուիրեալ դուստրը, համարձակ ու աննահանջ քաղաքացին, բարի ու մարդկային անձնաւորութիւնը։
Սգում եմ ձեր բոլորի հետ միասին, կիսում եմ ձեր վիշտը։
Իմ սիրելի՛ բարեկամ, թանկագին գործընկերուհի, Էվելինա ջան, դու բոլոր գործերում շտապում էիր, անհագիստ էիր, ցանկանում էիր արագ աւարտին հասցնել գործը, տեսնել արդիւնքները: Աւա՜ղ, հիմա էլ ցաւալիօրէն շտապեցիր…
Համոզուած եմ, որ դու երբեք չես բացակայի մեր կեանքից, կը շարունակես քո պայծառ ներկայութեամբ ապրել քեզ ճանաչողների հոգում ու մտքում:
Դու որպէս լուսաւոր աստղ կճառագես, լոյս ու ջերմութիւն կ՛ուղարկես քո տառապեալ Հայրենիքին, քո հարազատներին:
Սիրելի՛ս, ինչպէս քո ծնդեան օրն էր իւրօրինակ՝ փետրուարի 29-ին, այնպէս էլ մահդ՝ սուրբ Զատիկի օրը:
Թող լոյս իջնի քո շիրիմին։
Յարգա՜նք ու խոնարհում քո պայծառ յիշատակին, սիրելի՛ ընկեր, բարեկամ, զինակից…
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ
վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››: