ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայ մեծանուն բարերար Հրայր Յովնանեանը դարձաւ յաւերժի ճամփորդ։
Խորապէս վշտակցում եմ մեր ժողովրդին, քանզի ազնիւ ու նուիրեալ հայորդու մահը մեծ կորուստ է ոչ միայն Յովնանեան գերդաստանի, նրան ճանաչողների, ամերիկահայ համայնքի, այլեւ բոլորիս համար:
Այս ծանր ժամանակներում, երբ ալեկոծուած է մեր ողջ ժողովուրդը, երբ ունեցել ենք անչափ թանկ կորուստներ, ծուատուած ու արնածոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտուել է Արցախ աշխարհը՝ երեսուն տարուայ մեր համազգային հպարտութեան ու ոգեւորութեան աղբիւրը, պատկերացնում եմ, թէ ինչպիսի հոգեկան տառապանք ու խռովք է ապրել այդքա՜ն հայրենասէր, այդքա՜ն ազգասէր ու մարդասէր անհատը: Մարդ, ով Հայաստանի անկախացումից ի վեր եկաւ եւ հաստատուեց Մայր Հայրենիքում, ով լիաբուռն ու վեհանձնօրէն օգնեց իր հայրենակիցներին, ով անուրանալի աւանդ ունեցաւ Արցախեան առաջին պատերազմում յաղթանակ արձանագրելու, Հայոց բանակը կայացնելու գործում:
Պարոն Յովնանեանը, լինելով կարող եւ բանիմաց անձ, եղբայրների հետ յաջողուած պիզնես հիմնեց ԱՄՆ-ում, օտար ափերում ճանաչում, պատիւ ու հեղինակութիւն ձեռք բերեց եւ ապրեց իր կեանքը՝ որպէս Մեծ Հայ, Մեծ Մարդ, Մեծ Բարերար, իր Հայրենիքի իսկական զինուոր եւ մայր ժողովրդի նուիրեալ զաւակ:
Ես բախտ ու հնարաւորութիւն եմ ունեցել յաճախ հանդիպելու ազգային արժէքներ դաւանող հետաքրքիր ու տաղանդաւոր Հային, քննարկել նրա հետ Հայրենիք-Սփիւռք գործակցութեան շատ ու շատ նախաձեռնութիւններ, ազգաշահ ծրագրեր, լսել նրա խորագէտ խօսքը, օգտակար խորհուրդներն ու առաջարկութիւնները, հասկանալ ապագային միտուած տեսլականը: Մեծ էր իմ ուրախութիւնը, երբ նա Հայաստանում հիմնեց ‹‹Աննա եւ Հրայր Յովնանեան›› կրթական հիմնադրամը եւ կարեւոր ներդրում ունեցաւ կրթական գործի զարգացման գործում: Նա աջակցում էր այն խելացի երիտասարդներին, ովքեր ունէին սոցիալական խնդիրներ եւ ուսումը շարունակելու դժուարութիւններ: Հրայր Յովնանեանը համոզուած էր, որ ամենամեծ ներդրումը պէտք է կատարել Հայրենիքի անվտանգութեան եւ երիտասարդ սերնդի կրթութեան գործում: Նա իր մեծ հեղինակութեամբ զօրաշարժի էր ենթարկում աշխարհի մեծանուն հայերին եւ միշտ շեշտում, որ ամենաթանկը Հայրենիքին է, որին պէտք է աջակցել ու զօրացնել:
Նա լռելայն կատարում էր խոշոր նուիրատուութիւններ եւ հոգում Հայաստանի կարիքները տարբեր ոլորտներում, իրականութիւն դարձնում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրերը, լուծում համապետական եւ համայնքային բազմաթիւ խնդիրներ։
Իր ժողովրդի արժանի զաւակն առանձնապէս շռայլ էր Արցախի ծրագրերը հովանաւորելու, տասնեակ բարեգործական ծրագրեր Հայաստանում եւ Արցախում նախաձեռնելու եւ կեանքի կոչելու, հայ բիբլիական ժողովրդի քրիստոնէական արժէքները պահպանելու յանձնառութիւնն իրականացնելիս:
Նա մեր կողքին էր իր բարեգործութիւններով՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելիս:
Հրայր Յովնանեանի շռայլ նվիրատվութիւնները մեծապէս օգնում էին ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամին, որի անփոփոխ Հոգաբարձուն էր՝ հիմնադրամի ստեղծման պահից:
Նրա ցանկութիւնն էր, որ Հայաստանը դառնայ հզօր, ժողովրդավարական երկիր, իսկ Արցախը՝ ճանաչուած ինքնիշխան պետութիւն: Նրա ջանքերով Հայաստան են այցելել հարիւրաւոր քոնկրեսականներ, բարձրաստիճան պաշտօնեաներ:
Հրայր Յովնանեանի հեղինակութեան, մարդկային եւ մտաւոր բարձր որակների, կազմակերպական տաղանդի շնորհիւ ԱՄՆ-ում հիմնադրուեց ‹‹Հայկական համագումարը››։ Կառոյցի ստեղծման նպատակն էր լոպիստական աշխատանքներ ծաւալել ԱՄՆ քոնկրեսում՝ Հայ Դատի խնդիրներն առաջ մղելու, Անկախ Հայաստանին աջակցելու, Արցախի ինքնորոշման իրաւունքը միջազգայնօրէն ճանաչելու ուղղութեամբ:
Միշտ կենսուրախ էր եւ լաւատես, եռանդով ու գաղափարներով լեցուն, իմաստուն ու խոհեմ։ Նա Նահապետ էր՝ իր վեհ ու առինքնող նկարագրով:
Միշտ հիացել եմ նրա ազգային կերպարով, հայրենասիրական պաթոսով, մարդկային հրաշալի որակներով:
Անհուն սիրով եւ քնքշանքով էր վերաբերում իր ընտանիքին, յատկապէս կնոջը՝ Աննային, դուստրերին եւ թոռներին: Հրայր Յովնանեանն իր բարոյական չափանիշներով, մարդկային ու ազգային նկարագրով դաս եւ օրինակ էր շրջապատի, ողջ համայնքի, երիտասարդութեան համար։
Թէեւ այսօր ֆիզիքապէս մեզ հետ չէ Մեծ Մարդը, սակայն մնացին նրա բարեգործութիւնները, նրա կատարած ազգանուէր հրաշալի գործերը, նրա շնորհիւ ուսում առած հայորդիները, նրա հոգեզաւակները՝ Յովնանեանականները։
Ցաւակցում եմ Հրայր Յովնանեանի զաւակներին, հարազատներին, նրան ճանաչողներին եւ ձեզ հետ միասին սգում եմ մեծ Հայորդու երկրային կեանքի աւարտը, յայտնում եմ իմ խորին ցաւակցութիւնը եւ կիսում վիշտը։
Հրայր Յովնանեանի մահը մեծագոյն կորուստ է Հայկական Սփիւռքի, մեր Հայրենիքի համար։
Ափսո՜ս, հազա՛ր ափսոս…
Թող Աստուած հոգին լուսաւորի եւ արժանացնի նրան երկնային Արքայութեան։
Թող լոյս իջնի ազնիւ հայորդի Հրայր Յովնանեանի շիրիմին։
‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ
վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››:
Անկեղծ վշտակցութեամբ: