Քրիստինա Աղալարյան
«Զարթոնք» օրաթերթ, Երևան
Արցախյան 44-օրյա պատերազմից և կորոնավիրուսային վարակի հետևանքով ՀՀ տնտեսությունը ապրում է վերջին տարիների պատմության ամենածանր ժամանակներից մեկը։ ՀՀ տնտեսական վիճակի, շարունակ գրանցվող գնաճի, դրամի արժեզրկման, դոլարի արհեստական բարձրացման և տնտեսության ընդհանուր վիճակի և ելքերի վերաբերյալ «Զարթոնք» օրաթերթը զրուցել է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։
-Պարոն Վարդանյան, պատերազմ, կորոնավիրուս։ Սրանք այն երկու հիմնական բացասական գործոններն են, որոնք ազդում են ցանկացած երկրի տնտեսության վրա։ Պարոն Վարդանյան, նախ փորձենք հասկանալ տնտեսական ընդհանուր այն պատկերը, որն այսօր տիրում է Հայաստանում։ Ըստ Ձեզ՝ արդյոք օբյեկտիվ պատճառներով է պայմանավորվա՞ծ, թե՞, ամեն դեպքում, որոշ հարցերում գործ ունենք նաև սպեկուլյացիայի (speculation) հետ (հատկապես, օրինակ, օրեցօր նկատվող գնաճի պարագայում): Այստեղ ի՞նչ վտանգավոր միտումներ եք տեսնում։
-Այո, կորոնավիրուսն առաջին մեծ հարվածը հասցրեց տնտեսությանը, դեռևս 2020 թվականի առաջին եռամսյակի վերջից սկսվեց տնտեսական անկումը, որը շարունակվում է մինչ օրս: Դրան գումարվեց պատերազմը, որի ելքը չեզոքացրեց ՀՀ և ԱՀ տնտեսությունների միասնացումից (ինտեգրում) առաջացած էֆեկտները: Կարելի է այդ թվարկումը շարունակել. աննախադեպ մեծամտության ու դատարկ պատվախնդրության վրա հիմնված՝ իբրև թե կառավարում, ընդհանուր առմամբ՝ հստակ սահմանված տնտեսական նպատակների և դրանց հասնելու կառուցակարգերի իսպառ բացակայություն:
Անշուշտ, համավարակը և պատերազմը մտցրել են իրենց ճշգրտումները, բայցև հետագայում ծառայեցին որպես բոլոր ոլորտներում կառավարության տապալումների արդարացում:
Տնտեսության ընդհանուր պատկերը, ըստ Էկոնոմիկայի նախարարի, փայլուն է։ Տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամաից, 2021 թվականին՝ երկնիշ աճ, իսկ զբոսաշրջության ոլորտում 3.2 անգամ:
Ըստ պաշտոնական վիճակագրության, տնտեսության պատկերն ախտահարված է կորոնավիրուսով, հուսադրող չէ։ 2020 թ. տնտեսական անկումը շարունակվում է 2021 թվականին, էապես, հիմնականում երկնիշ, նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը, առևտրի և ծառայությունների ծավալները, մյուս ոլորտների թողարկման ծավալները, բացի հանքարդյունաբերությունից: Մինչդեռ վերջինիս վերելքն ու անկումը պայմանավորված է արտաքին՝ տնտեսական իրադրության գործոններով, այլ ոչ կառավարության արդյունավետ քաղաքականությամբ:
Ինչ վերաբերում է գնաճին, այն չի կարող դիտվել որպես տնտեսության ամբողջական պատկեր: Հայաստանի պարագայում զավեշտականն այն է, որ տնտեսական անկման, ամբողջական պահանջարկի նվազման պայմաններում որոշ ապրանքների գներ խիստ բարձրացել են: Որոշների դեպքում դա կապված է համաշխարհային տնտեսական իրադրությամբ։
Օրինակ, նավթի, սննդամթերքի որոշ տեսակների գների բարձրացում: Գնաճի վտանգները մեր երկրի նման թույլ զարգացած, ոչ մրցունակ կառուցվածքով երկրների համար կարող են լինել երկու ուղղությամբ՝ տնտեսավարող սուբյեկտների արտադրանքի ինքնարժեքի բարձրացում՝ դրանից բխող շուկայական հետևանքներով և սոցիալական, այսինքն՝ կյանքի թանկացում: Այդ սպառնալիքների չեզոքացնելը կամ մեղմել կառավարության խնդիրն է:
—Թեպետ տնտեսության մեջ որոշ չափով գնաճն ընդունելի և ցանկալի երևույթ է, բայց դրան զուգահեռ ունենք բավականին մեծ դրամի արժեզրկում (Inflation), դրամ-դոլար հարաբերակցության զգալի տատանում, իսկ Հայաստանն առավելապես ներկրող երկիր է, քան արտահանող: Հետևաբար, այս հանգամանքն հաշվի առնելով առաջիկայում մեզ առավել բարդ ի՞նչ խնդիրներ են սպասում՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման, թե՛ ներքին շուկան բավարարելու հարցում։ Նկատենք նաև, որ որոշ մարզերում դժգոհություններ արդեն իսկ կան դրամի արժեզրկման, պարարտանյութերի, վառելիքի թանկացման առումով։
-Անտարակույս, դրամի փոխարժեքի խիստ տատանումը կամ դրամի արժեզրկումն ունի ինչպես բացասական, այնպեսել դրական ազդեցություն: Բացասական ազդեցություններից հիմնականը գուցե ներմուծման թանկացումը կարելի է համարել, իսկ դրականներից այն, որ արտահանումն ավելի շահավետ է դառնում: Բացի դրանից մեր հազարավոր քաղաքացիներներ, ովքեր արտարժույթով փոխանցումներ են ստանում, բնականաբար, նույնպես շահում են: Բայց ամեն դեպքում, խիստ տատանումները խաթարում են մակրոտնտեսական կայունությունը:
Իսկ ինչ վերաբերում է «բավականին մեծ «ինֆլյացիային», ապա պետք է նկատի ունենալ, որ 4-5 տոկոսանոց գնաճն անհրաժեշտ է տնտեսական ակտիվության, տնտեսական աճի համար: Քանի որ ձեռնարկատիրության ուղեկիցը ռիսկերն են, ապա փոխարժեքի փոփոխության հետ կապված որոշ ռիսկերի մեղմման նպատակով (օրինակ, պարատանյութերի, էներգակիրների համար) կառավարությունը պետք է գործադրի որոշ կառուցակարգեր, թեպետ, ներկայում կառավարության հնարավորությունները սուղ են:
—Կենտրոնական Բանկն ունի այն անհրաժեշտ գործիքակազմը, որով կարող է զսպել դրամի արժեզրկումն ու գնաճը, սակայն նրանց կողմից բավարար ջանքեր այս առումով, կարծես թե, չեն գործադրվում: Ինչո՞ւ:
-Հիմնականում գործադրվում են: Կենտրոնական բանկը, երկրի ֆինանսական կայունության ամրապնդման և ապահովման համար իրականացնում է մակրոպրուդենցիալ քաղաքականություն, որով զսպվում են կամ չեզոքացվում համակարգային ռիսկերը: Ըստ դրամավարկային քաղաքականության հեռանակարի, 12-ամսյա գնաճը կպահպանվի 4 –ից 5 տոկոսի միջակայքում: Դրամի փոխարժեքի կարգավորման նպատակով ԿԲ-ն երբեմն իրականացնում է արտարժութային «ինտերվենցիաներ»՝ ազգային արժույթի փոխարժեքի կառավարման նպատակով կենտրոնական բանկի միջամտությունն արժութային շուկայի գործառնություններում` արտարժույթի առքուվաճառքի ճանապարհով։
—Պարոն Վարդանյան, այս համատեքստում ուշագրավ է նաև, որ ապրիլի 1-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեցին, որ չնայած կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով տնտեսության ստացած հարվածներին՝ առաջին եռամսյակում բյուջեի մուտքերն ակնկալվածից ավելի են 22 միլիարդ դրամով: Հիմնականում առևտրաշրջանառությամբ պայմանավորված տնտեսության այս ակտիվությունը 2021թ-ի առաջին եռամսյակում կառավարությունը չէր կանխատեսել, և բյուջեի հիմքում ավելի համեստ հաշվարկներ էին դրվել։ Մասնավորապես, կառավարությունը կանխատեսել էր, որ 2021 թ-ի առաջին եռամսյակում հավաքելու էին մոտ 305 միլիարդ դրամ, սակայն տնտեսվարողներն ավելի շատ հարկեր են մուծել, ինչից հետո վերահաշվարկ կարվի նաև բյուջեում: Սա արդյո՞ք իրականում հարկային «ահաբեկչության» արդյունք չէ:
-Տնտեսության անկման պայմաններում պլանավորվածից ավելի հարկային մուտքերը, առավելևս, որ նախորդ տարի կատարվել էին վերանայումներ, այնքան էլ ոգևորիչ չեն կարող լինել: Պաշտոնական վիճակագրության տվյալներով դեռևս պահպանվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտրի ծավալների երկնիշ նվազումը: Այսպես կոչված «հարկային տեռորը- terror» ենթադրում է գերավճարներ, ինչն արատավոր պրակտիկա է և հանգեցնում է հարկատուների հետ անառողջ հարաբերությունների ձևավորմանը: Միևնույն է, եթե տնտեսությունը թափ չհավաքի, գերավճարները չեն կարող լինել խորքային հիմնախնդիրների լուծման միջոց:
-Շնորհակալ եմ հարցազրույցի համար։