Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Վաղվանից՝ ապրիլի 13-ից արդեն մայրաքաղաքում կսկսվեն պատվաստումները և ապրիլի 14-ից կսկսվեն մարզերում: Հիմա բաշխման գործընթացն է իրականացվում»,-ասաց Ավանեսյանը:
Ապրիլի 13-ից կսկսվի AstraZeneca-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ նաև Sputnik V-ով պատվաստումը:
Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:
«AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ, պատվաստում կիրականացվի միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար: AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 (ներառյալ ) տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր:
Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում այս պահին սահմանվել են հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 54 տարեկան: