ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
Արցախեան 44-օրյա պատերազմից եւ քորոնավիրուսային վարակի հետեւանքով ՀՀ տնտեսութիւնը ապրում է վերջին տարիների պատմութեան ամենածանր ժամանակներից մէկը։ ՀՀ տնտեսական վիճակի, շարունակ գրանցուող գնաճի, դրամի արժեզրկման, դոլարի արհեստական բարձրացման եւ տնտեսութեան ընդհանուր վիճակի եւ ելքերի վերաբերեալ «Զարթօնք» օրաթերթը զրուցել է տնտեսագէտ, տնտեսական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Գագիկ Վարդանեանի հետ։
— Պատերազմ, քորոնավիրուս։ Սրանք այն երկու հիմնական բացասական գործօններն են, որոնք ազդում են ցանկացած երկրի տնտեսութեան վրայ։ Պարոն Վարդանեան, նախ փորձենք հասկանալ տնտեսական ընդհանուր այն պատկերը, որն այսօր տիրում է Հայաստանում։ Ըստ Ձեզ՝ արդեօք առարկայական պատճառներով է պայմանաւորուա՞ծ, թէ ամեն դէպքում, որոշ հարցերում գործ ունենք նաեւ տեսական ենթադրութիւններու (speculation) հետ (յատկապէս, օրինակ, օրեցօր նկատուող գնաճի պարագայում): Այստեղ ի՞նչ վտանգաւոր միտումներ էք տեսնում։
— Այո, քորոնավիրուսն առաջին մեծ հարուածը հասցրեց տնտեսութեանը, դեռեւս 2020 թուականի առաջին եռամսեակի վերջից սկսուեց տնտեսական անկումը, որը շարունակւում է մինչ օրս: Դրան գումարուեց պատերազմը, որի ելքը չէզոքացրեց ՀՀ եւ ԱՀ տնտեսութիւնների միասնացումից (integration) առաջացած արդիւնքները: Կարելի է այդ թուարկումը շարունակել. աննախադէպ մեծամտութեան ու դատարկ պատուախնդրութեան վրայ հիմնուած՝ իբրեւ թէ կառավարում, ընդհանուր առմամբ՝ յստակ սահմանուած տնտեսական նպատակների եւ դրանց հասնելու կառուցակարգերի իսպառ բացակայութիւն:

Անշուշտ, համավարակը եւ պատերազմը մտցրել են իրենց ճշգրտումները, բայցեւ հետագայում ծառայեցին որպէս բոլոր ոլորտներում կառավարութեան տապալումների արդարացում:
Տնտեսութեան ընդհանուր պատկերը, ըստ Էքոնոմիքայի նախարարի, փայլուն է։ Տնտեսութիւնն արդեն դուրս է եկել ճգնաժամից, 2021 թուականին՝ երկնիշ աճ, իսկ զբօսաշրջութեան ոլորտում 3.2 անգամ:
Ըստ պաշտօնական վիճակագրութեան, տնտեսութեան պատկերն ախտահարուած է կորոնավիրուսով, յուսադրող չէ։ 2020 թ. տնտեսական անկումը շարունակւում է 2021 թուականին, էապէս, հիմնականում երկնիշ, նուազել է արտաքին առեւտրաշրջանառությունը, առեւտրի եւ ծառայությունների ծաւալները, միւս ոլորտների թողարկման ծաւալները, բացի հանքարդիւնաբերութիւնից: Մինչդեռ վերջինիս վերելքն ու անկումը պայմանաւորուած է արտաքին՝ տնտեսական իրադրութեան գործօններով, այլ ոչ կառավարութեան արդիւնաւէտ քաղաքականութեամբ:
Ինչ վերաբերում է գնաճին, այն չի կարող դիտուել որպէս տնտեսութեան ամբողջական պատկեր: Հայաստանի պարագայում զաւեշտականն այն է, որ տնտեսական անկման, ամբողջական պահանջարկի նուազման պայմաններում որոշ ապրանքների գներ խիստ բարձրացել են: Որոշների դէպքում դա կապուած է համաշխարհային տնտեսական իրադրութեամբ։
Օրինակ, նաւթի, սննդամթերքի որոշ տեսակների գների բարձրացում: Գնաճի վտանգները մեր երկրի նման թոյլ զարգացած, ոչ մրցունակ կառուցուածքով երկրների համար կարող են լինել երկու ուղղութեամբ՝ տնտեսավարող հիմնարկների արտադրանքի ինքնարժէքի բարձրացում՝ դրանից բխող շուկայական հետեւանքներով եւ սոցիալական, այսինքն՝ կեանքի թանկացում: Այդ սպառնալիքների չէզոքացնելը կամ մեղմել կառավարութեան խնդիրն է:
— Թեպէտ տնտեսութեան մէջ որոշ չափով գնաճն ընդունելի եւ ցանկալի երեւոյթ է, բայց դրան զուգահեռ ունենք բաւականին մեծ դրամի արժեզրկում (Inflation), դրամ-տոլար յարաբերակցութեան զգալի տատանում, իսկ Հայաստանն առաւելապէս ներկրող երկիր է, քան արտահանող: Հետեւաբար, այս հանգամանքն հաշուի առնելով առաջիկայում մեզ առաւել բարդ ի՞նչ խնդիրներ են սպասում՝ թէ՛ արտահանման, թէ՛ ներմուծման, թէ՛ ներքին շուկան բավարարելու հարցում։ Նկատենք նաեւ, որ որոշ մարզերում դժգոհութիւններ արդեն իսկ կան դրամի արժեզրկման, պարարտանիւթերի, վառելիքի թանկացման առումով։ Ի՞նչ ունիք ասելիք այս մասին:
— Անտարակոյս, դրամի փոխարժէքի խիստ տատանումը կամ դրամի արժեզրկումն ունի ինչպէս բացասական, այնպեսել դրական ազդեցութիւն: Բացասական ազդեցութիւններից հիմնականը գուցէ ներմուծման թանկացումը կարելի է համարել, իսկ դրականներից այն, որ արտահանումն աւելի շահաւէտ է դառնում: Բացի դրանից մեր հազարաւոր քաղաքացիներներ, ովքեր արտարժոյթով փոխանցումներ են ստանում, բնականաբար, նույնպէս շահում են: Բայց ամեն դէպքում, խիստ տատանումները խաթարում են մաքրոտնտեսական կայունութիւնը:
Իսկ ինչ վերաբերում է «բաւականին մեծ «ինֆլիացիային», ապա պէտք է նկատի ունենալ, որ 4-5 տոկոսանոց գնաճն անհրաժեշտ է տնտեսական աշխուժութեան, տնտեսական աճի համար: Քանի որ ձեռնարկատիրութեան ուղեկիցը ռիսքերն են, ապա փոխարժէքի փոփոխութեան հետ կապուած որոշ ռիսքերի մեղմման նպատակով (օրինակ, պարարտանիւթերի, էներգակիրների համար) կառավարութիւնը պէտք է գործադրի որոշ կառուցակարգեր, թեպէտ, ներկայում կառավարութեան հնարաւորութիւնները սուղ են:
-Կեդրոնական Պանքն ունի այն անհրաժեշտ գործիքակազմը, որով կարող է զսպել դրամի արժէզրկումն ու գնաճը, սակայն նրանց կողմից բաւարար ջանքեր այս առումով, կարծես թէ, չեն գործադրւում: Ինչո՞ւ:
-Հիմնականում գործադրւում են: Կեդրոնական պանքը, երկրի ֆինանսական կայունութեան ամրապնդման եւ ապահովման համար իրականացնում է մաքրոպրուդենցիալ քաղաքականութիւն, որով զսպւում են կամ չէզոքացւում համակարգային ռիսքերը: Ըստ դրամավարկային քաղաքականութեան հեռանակարի, 12-ամսեայ գնաճը կը պահպանուի 4 –ից 5 տոկոսի միջակայքում: Դրամի փոխարժէքի կարգաւորման նպատակով ԿՊ-ն երբեմն իրականացնում է արտարժութային միջամտութիւններ՝ ազգային արժոյթի փոխարժէքի կառավարման նպատակով կեդրոնական պանքի միջամտութիւնն արժութային շուկայի գործառնութիւններում` արտարժոյթի առքուվաճառքի ճանապարհով։

— Պարոն Վարդանեան, այս համատեքստում ուշագրաւ է նաեւ, որ ապրիլի 1-ին կառավարութեան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու ՊԵԿ նախագահ Էդվարդ Յովհաննիսեանը յայտարարեցին, որ չնայած քորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքով տնտեսութեան ստացած հարուածներին՝ առաջին եռամսեակում պիւտճէի մուտքերն ակնկալուածից աւելի են 22 միլիար դրամով: Հիմնականում առեւտրաշրջանառութեամբ պայմանաւորուած տնտեսութեան այս աշխուժութիւնը 2021թ-ի առաջին եռամսեակում կառավարութիւնը չէր կանխատեսել, եւ պիւտճէի հիմքում աւելի համեստ հաշուարկներ էին դրուել։ Մասնաւորապէս, կառավարութիւնը կանխատեսել էր, որ 2021 թ-ի առաջին եռամսեակում հաւաքելու էին մօտ 305 միլիար դրամ, սակայն տնտեսվարողներն աւելի շատ հարկեր են մուծել, ինչից յետոյ վերահաշուարկ կարուի նաեւ պիւտճէյում: Սա արդեօ՞ք իրականում հարկային «ահաբեկչութեան» արդիւնք չէ:
— Տնտեսութեան անկման պայմաններում ծրագրուածից աւելի հարկային մուտքերը, առաւելելս, որ նախորդ տարի կատարուել էին վերանայումներ, այնքան էլ ոգեւորիչ չեն կարող լինել: Պաշտօնական վիճակագրութեան տուեալներով դեռեւս պահպանւում է ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին առեւտրի ծաւալների երկնիշ նուազումը: Այսպէս կոչուած «հարկային տեռորը- terror» ենթադրում է գերավճարներ, ինչն արատաւոր աշխատելաձեւ է եւ հանգեցնում է հարկատուների հետ անառողջ յարաբերութիւնների ձեւաւորմանը: Միեւնոյնն է, եթէ տնտեսութիւնը թափ չհաւաքի, գերավճարները չեն կարող լինել խորքային հիմնախնդիրների լուծման միջոց:
— Շնորհակալ եմ հարցազրոյցի համար։