Երեկ ուշ երեկոյան` ժամը 22:50-ի սահմաններում, մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում։ Վրաերթի ենթարկողը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանն է։
Նա իր վարած «Մերսեդես CLՏ 550» մակնիշի ավտոմեքենայով «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մի տղամարդու:
Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է:
Ոստիկանության տվյալներով էլ` ապրիլի 12-ին, ժամը 22.30-ին Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկվածը ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյան է, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթեւեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):