Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 19–ին, ռազմագերիների թեմայով քննարկմանը մասնակցելուց հետո Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը տեղեկացել է, որ աշխատանքից ազատվել է։ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանը ապրիլի 19-ին ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ Երևան քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իր կողմից հնչեցրած կարծիքների համար։
«Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է շրջանակներից դուրս թեմաներից։ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։ Հաշվի առնելով՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնեական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-նշել են Արցախի ՆԳՆ-ից: