Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ավտոշարասյունով հեռացավ՝ անտեսելով շուռնուխցիներին, որոնք մի քանի ժամ կանգնած էին ճանապարհին ու սպասում էին վարչապետին, որ բարձրացնեն իրենց հուզող հարցերը։
Ոստիկանները պատ էին կազմել, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունն անարգել անցնի։ Բարկացած շուռնուխցիները ձվերով հարվածեցին Փաշինյանի ավտոշարասյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը պատմեց, որ գյուղացիներն այսօր՝ առավոտից Կապան-Գորիս ավտոճանապարհին սպասել են Փաշինյանին, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն։
«Գնաց Գորիս։ Չհանդիպեց բնակիչներին, չլսեց ոչ մեկին։ Հարցերը մնացին անպատասխան։ Մարդիկ հուզված ու վիրավորված էին, որ գաղտագողի է եկել ու գնացել։ Բնակիչները նեղված են, եւ ուզում են իրենց կարծիքը հայտնել»,- նշեց գյուղապետը։
Նրա խոսքով՝ անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ բնակիչները ցանկանում էին հարցեր ուղղել։
«Եթե նա մտնում է գյուղ, ու գյուղապետն անգամ տեղյակ չի, որ իր բնակավայր վարչապետ է մտնում, ինչ ասեմ։ Հուշարձանի մոտ են բնակիչները կանգնել, սպասում էին նրան։ Ես հույս ունեի, որ գոնե ցերեկով կհանդիպի նրանց»,- նշեց Արշակյանը։