Ստեփանակերտում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Կենտրոնում գործում է նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց թեմաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»:
«Այսօր դիմել է Արցախի 10 քաղաքացի։ Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը, գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Եվ երկու ֆերմերներ դիմել են իրենց այգիները պայթունավտանգ առարկաներից ականազերծելու համար»,- նշել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Ընդամենը օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3 600 քաղաքացի։ Այդ թվում ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծով»:
Հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրվող շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Բոլոր դիմումները մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբեր: