Հայաստանը թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումն արգելելու որոշմամբ արդեն խնդիրների է բախվել։ Կառավարությունը որոշել է արգելված ապրանքացանկից մի շարք ապրանքների ներմուծումը թույլատրել։ Հարցն ընդգրկված է ապրիլի 29-ի՝ կառավարության նիստի օրակարգում։
Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցելու փաստը հաշվի առնելով՝ Հայաստանի կառավարությունը որոշել էր այս տարվա դեկտեմբերի 31-ից արգելել թուրքական արտադրանքի ներմուծումը։ Արգելքը չի վերաբերում թուրքական հումքին։ Կառավարությունը, սակայն, տնտեսվարող սուբյեկտների շրջանում առաջացող բացասական ազդեցություններ է նկատել՝ այս որոշմամբ պայմանավորված և որոշել մի շարք ապրանքներ հանել արգելվածների ցանկից։
Այդ ապրանքներն են՝ պատրաստի գունանյութերը, հեղուկ փայլերը, ապակու, այգեգործական, շինարարական, ներկարարական մածիկ, ձյութացեմենտը, խցանները, շշի կափարիչները, գյուղատնտեսական մեքենաները, մշակաբույսերի մամլիչ ու հնձիչ մեքենաները և այլն։
Ըստ որոշման՝ նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարության՝ վերը թվարկած ապրանքները Հայաստանում արտադրություն հիմնած որոշ տնտեսվարողների համար հանդիսանում են հումք։