Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ միջազգային հանրության ակտիվությունը գնահատում է լավատեսորեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված անձանց վերադարձնելու, չի կատարում:
«Կարող ենք արձանագրել, որ այս փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց, ու ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունը շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում շատ կոնկրետ ու հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքից», — ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ այս հայտարարության մեջ հղում է արվում ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական կոմպոնենտ, որը չափազանց կարևոր է:
«Ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է ու մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար ու հետևողական, այս հարցը միանշանակ դրական լուծում պիտի ստանա», — ասաց Նիկոլ Փաշինյանը: