Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ մոտ ապագայում կհաջողվի լուծել Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում:
«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից, ներառյալ` պահվող անձանց վերադարձնելու հարցի հանգուցալուծման վերաբերյալ: Հասկանում ենք այս քայլի խորհրդանշական, էմոցիոնալ նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ապագայում կկարողանանք այդ հարցը լուծել»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այդ քայլը կստեղծի դրական, կառուցողական մթնոլորտ` հակամարտության կարգավորման այլ հարցերի առաջխաղացման համար: