Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանի կողմից Բաքվում ռազմական ավարի «պուրակի» բացմամբ, որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ավար վերցված հայկական զինտեխնիկան և իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանները: Այս մասին հայտնեց Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունում «Արմենպրես»-ի դիվանագիտական աղբյուրը:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հաստատմանը: Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից ռազմական հաղթանակը տոնելու կապակցությամբ կազմակերպված այգու բացման արարողության ժամանակ հանրայնացված ցուցադրությամբ: Մինչ այս մահաբեր հակամարտությունը բազմաթիվ ընտանիքներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, վիշտ ու աղետ է բերել, բացման այդ արարողությունը հակասում է հաշտության վերականգնման այն ցանկությանը, որին բազմիցս միացել են նաև Ադրբեջանի իշխանությունները»,- նշեց դիվանագիտական աղբյուրը:
Ֆրանսիան շարունակելու է աշխատել մյուս համանախագահների հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության տեքստի նպատակներին հասնելու համար: «Այդպես են պահանջել հանրապետության նախագահը և նախարարը»,-նշված է ԱԳՆ-ից տրամադրված պատասխանում: