Քրիստինա Աղալարյան
«Զարթոնք» օրաթերթ
Օրեր առաջ տեղի ունեցավ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը, որն իր շուրջն է համախմբել ինչպես Հայաստանի այնպես էլ Սփյուռքի գործիչներին։ Կուսակցության կարգախոսն է՝ «Արթնացի՛ր, արթնացրու՛»։ Կուսակցության նախագահը՝ Արա Զոհրաբյանը։ Նպատակը փրկել երկիրը կործանումից ու դրա ճանապարհով տանող իշխանությունից։ «Զարթոնք» օրաթերթը կուսակցության ստեղծման, նպատակների, անելիքների, քաղաքական դաշտում դերակատարման, հասարակությանը խորը քնից արթնացնելու ուղիների և այլ հարցերի շուրջ զրուցեց նախագահ Արա Զոհրաբյանի հետ։

-Պարոն Զոհրաբյան, նախ կխնդրեմ խոսել Զարթոնք ազգային-քրիստոնեական կուսակցության ստեղծման մասին։ Ինչպե՞ս այն ստեղծվեց, ո՞րն է առաքելությունը, նպատակները և անելիքները։
-Շնորհակալ եմ հարցի համար։ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը ստեղծվեց հաշվի առնելով երկրում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Ինչպես բոլորս գիտենք, պատերազմը մեծ հետք թողեց մեր ժողովրդի վրա։ Մենք հասկացանք, որ միայն քաղաքական լծակների միջոցով կարելի է ծրագրեր իրականացնել։ Նախկինում ես և իմ գաղափարակիցները մտածում էինք, որ կարող ենք հասարակական գործունեությամբ հասնել ազգային արժեքների պահպանությանը ու դրա համար չարժե քաղաքական լծակներ ունենալ։ Բայց պատերազմը ցույց տվեց, որն ցանկացած լավ գաղափար կարող է քանդվել պետական իշխանություն բանեցնողի կողմից։ Սա էր պատճառը, որ որոշեցինք ազգապահպան այդ առաքելությունը վերցնել մեզ վրա։
-Իհարկե, առաջին հայացքից «Զարթոնք»-ի առաքելությունը բավական լավն է երևում, սակայն ինչքանո՞վ եք հնարավոր համարում այդ բարձր գաղափարների իրականացումը այսօրվա Հայաստանում։ Եվ վերրջապես, Հայաստանում հարյուրավոր կուսակցություններ են ստեղծվում։ Ինչո՞վ է տարբերվելու Ձեր կուսակցությունը։ Ինչպե՞ս եք մարդկանց համոզելու, որ այդ առաքելությունը հենց դուք եք կարողանալու կատարել ձեր համակիրների ու կուսակցական ընկերների հետ։
-Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որովհետև մեր ժողովուրդն այսօր վստահության լուրջ պակաս ունի։ Տարակերպ շարժումները, կուսակցություններն ու մանիպուլյացիոն դաշտը բոլորի համար խնդիր է դարձել։ Առողջ բանականություն ունեցող մարդն էլ չի կարողանում կողմնորոշվել, ուր մնաաց այն մարդիկ, ովքեր ընդհանրապես հետաքրքրվածություն չունեն քաղաքական գործընթացների նկատմամբ։ Պատահական չէ նաև մեր կողմից ընտրված անվանումը։ Եթե մեր ժողովուրդն արթուն լիներ, չէր կարող հանդուրժել այնպիսի անձի կամ անձանց խմբերի, որը կարող էր ժողովրդին տանել դեպի կործանում կամ պարտություն։ Մենք կարծում ենք, որ դա մեր ազգի՝ հոգևոր արժենքերից հեռանալու հետ է նաև կապված։ Մենք խնդիր ենք դրել արթնացնել մեր ազգին։ Ի՞նչ ենք պատկերացնում արթնացնել ասելով։ Մենք փորձելու ենք իրազեկել, վտանգների մասին խոսել ու վտանգների չեզոքացման հետ կապված մեր ծրագիրը մատուցել։ Ինչքանով կհաջողվի մեր հասարակության վստահությունը վաստակել, հիմա չեմ կարող ասել։ Բայց բոլոր դեպքերում մեր կուսակցության շարքերում կան այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն նոր են որոշել ի հայտ գալ, ազգապահպան գործունեություն ծավալել, այլև՝ մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իրենց դրսևորել են ազգային արժեքների պաշտպանության հարցում, եղել են առաջամարտիկ։ Այդ մարդկանց գործունեությունն այս առումով ազնիվ է։ Որքանով կհաջողվի մանիպուլյացիայի ենթարկված ժողովրդի մեջ այդ ձայնը լսելի դարձնել, ժամանակը ցույց կտա։
-Կարծում եմ՝ շատ լավ տեղյակ եք, որ հասրաակության շրջանում հնի և նորի պայքարը ու մանիպուլյացիան շատ խորն է։ Մարդիկ բոլորին բաժանում են հների և նորերի։ Ինչպես եք կարողանալու մարդանց արթնացնել ու ցույց տալ, որ այստեղ հների ու նորերի պայքար չէ, այլ, վերջիվերջո, երկիր փրկելու պայքար է։
-Նախ, մենք չենք ընդունում այդ բաժանարարն գիծը՝ հներ և նորեր։ Ավելին, մենք եթե ազգային արժեքներից ենք խոսում, մենք ամենահնին ենք պաշտպանում՝ Հակ նահապետին։ Պահպանողական տեսակետից մենք չենք կարող մեր արմատները մոռանալ։ Մենք պետք է խոսենք երևույթների բաժանման մասին։ Մեզ համար բաժանարար գիծ է ապազգայինը, դավաճանությունը։ Մենք մերժում ենք այդ երևույթները։ Մեր կարմիր գծերը դրանք են ու այդ ապազգային ծրագրերը սպասարկող անձերը։ Իսկ մնացած առումով, մենք կարծում ենք, որ պետք է համախմբել ազգին։ Հակառակ դեպքում մեր ոխերիմ հարևանները բնականաբար օր առաջ ուզում են մեզ քարտեզից ջնջել ու անգամ չեն էլ թաքցնում այդ ծրագրերը։ Այս պայմաններում գործող իշխանության խաղաղասիրության քարոզները մեզ տանում են կործանման ճանապարհով, այն էլ՝ երաժշտությամբ։
-Ինչպես հասկացա Ձեր խոսքից, առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշում արդեն ունեք։ Արդեն հստակություն կա՞, թե ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու։
-Տեսեք, մեր կուսակցությունը դեռևս գրանցված չէ, իսկ այդպիսի որոշում կարող է կայացնել կուսակցությունը՝ համապատասխան մարմնի միջոցով։ Այդպիսի որոշում դեռևս չկա։ Երբ լինի այդ մասին պաշտոնապես կհայտարարենք։

-Ինձ հետաքրքիր է նաև Ձեր կարծիքը Հայաստանի ներքաղաքական դաշի մասին։ Ընդդիմություն, իշխանություն, ինչ խնդիրներ եք տեսնում քաղաքական պայքարի հարցում։ Վերջին օրերին բուռն քննադատոււթյան թեմա է դարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը ուղղված ՀՀ երկու նախագահներին՝ ընտրություններին միասին գնալու վերաբերյալ, լավ հասկանալով, որ նրանք ունեն խնդիրներ, չհամընկնող շահեր։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։
— Չեմ կարող առաջին նախագահի ազնվության մասին կարծիք հայտնել, քանի որ քաղաքական դաշտը շատ է խառնվել իրար։ Եթե այդպիսի ազնիվ մղում կա այդ առաջարկն անելիս, այլ ոչ թե հերթական անգամ դաշտը խառնելու հնարք է, ապա հետաքրքիր առաջարկ է։ Բայց ես ուզում եմ հիշեցնել առաջին նախագահի 2015 թվականի մարտի մեկի ելույթի այն հատվածը, երբ ներկայացնում էր ընդդիմության կոդավորված պլանը։ Կարծես թե, այդպես էլ եղավ։ Ըստ տեքստի՝ հարյուրամյակն առանց ռեժիմի կարգախոսն իրականացվեց։ Կարծեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը դա անվանում էր Բեռլինի գրավումից ավելի հնարամիտ ու լավ պլան։ Փաստորեն, 2018 թվականի մայիսի 28-ին դա նշեց Նիկոլ Փաշինյանը ու այդպես էլ եղավ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին ու իր օգնական ուժերին անվանում էր Բաբելոնյան աշտարակի շինարարներ։ Զուտ ավանդական տեսակետից պետք է հիշեցնեմ, որ Հայկ նահապետը եղել է Բաբելոնյան աշտարակի շինարարի հակառակ կողմը՝ Բելը կամ Նեբրոֆթը։ Այս առումով, այդ բաժանարար գիծն այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն է ցույց տվել։ Այնպես որ, ինձ համար այնքան էլ հստակ չէ այդ առաջարկի բովանդակությունն ու հասարակությանն ուղղված ակնարկները։
-Փաշինյանի իշխանությունը նա այսօր համարում է Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքներից ավելի վտանգավոր։ Դուք ևս այդ կարծիքին եք։ Ինչպե՞ս է Հայաստանում տեղի ունենալու իշխանափոխություն, արդյոք առաջիկա ընտրությունների միջոցով դա համարում եք հնարավոր, թե՞ ոչ։
-Նախ չի բացառվում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է տեսնում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ լուրջ վնաս է տվել։ Այն մասշտաբի, որ գուցե իրենք էլ չէին պատկերացնում։ Դրա համար պետք է ժամանակ անցնի, որ կարողանանք ավելի լավ մարսել այդ խոսքերի իմաստն ու նշանակությունը։ Ընտրությունների մասին։ Միանշանակ պետք է քաղաքակիրթ ու սահմանադրական ճանապարհով փորձել իշխանություն փոխել։ Հակառակ դեպքում մենք այդ շրջապտույտից ուղղակի դուրս չենք գա։ Գիտեք ինչ, ցավալին այն է, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը պատերազմի պարտության՝ կապիտուլյացիայի փաստաթղթին չտվեց այնպիսի արձագանք, որը կարող էր տալ արթուն հայ ժողովուրդը։ Այդպիսի փաստաթուղթ ստորագրած սուբյեկտը չէր կարող մեկ օրից ավել Հայաստանում ապրել։ Արտասահմանում կարող էր ապրել։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ մեր ազգի մասին լավ կարծիք ուներ, քան մենք, որովհետև գոնե երեք օր չէր երեևում հրապարակում, թաքնվել էր ու մտածում էր՝ այս ազգը արժանապատվություն ունի ու կարող է պատասխան պահանջել։ Բայց երեք օր հետո տեսավ, որ չկա նման հստակ դիրքորոշում, ազգը պառակտված է հնի ու նորի, սևի ու սպիտակի, թալանչիների ու թալանվածների։ Այս արհեստական գծերով, բնականաբար վերադարձավ, իշխանությունը վերցրեց ու ավելի համարձակ է իրեն զգում։
-Այս հասարակության հետ մենք ինչպե՞ս պետք է գնանք ընտրությունների ու երկրում փոփոխություններ կատարենք։
-Արթնանալով։ Մեր կոչը պատահական չէ՝ արթնացի՛ր, արթնացրու՛։ Մենք պետք է վտանգները զգանք, մենք պետք է հասկանանք, որ պետություն կորցնելու լուրջ վտանգի մեջ ենք։ Կարևոր չէ, թե ում կընտրի ՀՀ քաղաքացին, կարևոր է, որ գիտակցված ընտրություն կատարի։ Չգնան նյութականի ու կաշառքի հետևից։ Ի վերջո տեսեք ինչ է կատարվում։ Երեք հիմնական թիրախ է որդեգրվում ապազգային այս ուժի կողմից։ Առաջինը՝ սևերի ու սպիտակների պառակտումը, երկրորդը՝ քաոսը, երրորդը՝ հուսահատությունը։ Մենք այս բոլոր փուլերով անցել ենք։ Մարդիկ պետք է այդ հուսահատության վիճակից դուրս գան ու հասկանան, որ իրենք են այս երկրի տերը։ Պետք է չսնվել կեղծ օրակարգերով։
-Եվ վերջին հարցը։ Ձեր կուսակցությունում սփյուռքի դերակատարումն ինչպիսի՞ն է։ Առհասարակ, ինչ եք կարծում սփյուռքյան գործիչների հետ համագործակցության մասին։ Ձեր կուսակցությունում ներկայացվածություն ունե՞ն սփյուռքի գործիչները։ Կիսում են ձեր տեսակետները ու համամիտ են ձեր որդեգրաած քաղաքականության հետ։
-Այո, Սփյուռքից մենք ունենք կուսակցական անդամներ, որոնք ՀՀ քաղաքացի են։ Բնականաբար, մենք մեր ծրագրում մեծ դեր ենք հատկացրել սփյուռքահայերին, մեր հայրենակիցներին։ Ի վերջո պետականաշինության մեջ իրենք կարևոր դերակատարում ունեն և ունենալու են։ Այդ ռեսուրսը չօգտագործել, չօգտվել նրանց հնարավորություններինց, կարծում եմ՝ մեծ սխալ է։ Ի վերջո մեր Սփյուռքի թիվն ավելի մեծ է, քան ՀՀ-ում ապրողների։ Մենք պետք է հստակ կապը ստեղծել։ Այն անձինք, ովքեր մեր կուսակցության անդամ են ու մե բարեկամներն են, բնականաբար ողջունում են մեր կուսակության ստեղծումը, ունենք դրական արձագանքեր։ Իրենք չեն ընդունում այսօրվա իշխանությանը, ուղղակի չեն ընդունում։ Ի վերջո, հարցը հետևյալն է՝ եղել է դավաճանություն թե՞ անգործություն, անփութություն։ Ինչպես աստվածաշնչում ասվում է՝ իր գործում թույլ լինողը փչացնողի եղբայրն է։ Հետևանքի իմաստով դա ոչ մի կապ չունի։ Եթե իրենք անգամ դավաճանություն չեն կազմակերպել, այլ այդպես է եղել իրենց քաոսիկ կառավարման հետևանքով, միևնույն է՝ իրենք պետք է հեռանային։
-Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։