Սյունիքի մարզի Սև լճի հարակից տարածքների հետ կապված դեռևս վերջնական արդյունքներ չկան, ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ընթանում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք են տվել ադրբեջանական կողմի հետ բանակցությունները Սյունիքի Սև լճի հարակից տարածքի հետ կապված։
«Նախ՝ առաջարկում եմ մի փոքր նյարդային վիճակից դուրս գանք և հասկանանք, որ բանակցություններն ընթանում են։ Եվ, այնուամենայնիվ, այս փուլում դեռևս վերջնական արդյունքներ չունենք։ Համոզված եմ, որ այս կամ այն կերպ հանգուցալուծմանը հասնելու ենք, որոհվետև հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ Հայաստանը միանշանակ ցանկանում է խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը և պատրաստ է հանգիստ և հանդարտ ռեժիմով քննարկումներ իրականացնել։
«Բայց և այնպես նաև պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին և նաև պատրաստ լինենք սուվերեն տարածքի, ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, նաև նման վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց, հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա այստեղ և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն»,- եզրափակեց Ավինյանը։
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: