ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Ռուսաստանի կողմից օգնության հարցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը։ Եվ նախագահ Պուտինը հատուկ շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթի, որում նշված է հրադադարի անհրաժեշտության մասին», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։
Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև կունենա մի քանի հանդիպումներ եւ խորհրդակցություններ։