Քրիստինա Աղալարյան
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Սյունիքի մարզի Սիսիանի սահմանային հատվածներում։
Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ Սա ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն է։
Մինչ այդ, երբ լրատվականներով տարածվեց ադրբեջանցիների կողմից առաջխաղացման մասին տեղեկությունը, իշխանական ու իշխանամերձ տարբեր ուժեր, անհատներ ջանք չէին խնայում դա ապատեղեկատվություն որակելու համար՝ հերքելով այն։ Սակայն, ավելի ուշ տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային»։
Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանցիները 3,5 կիլոմետր առաջ են եկել ՀՀ տարածք, որն անթույլատրելի է ու չի հանդուրժվելու Հայաստանի կողմից։ Թե ինչպե՞ս են նրանք առաջ եկե, ինչու՞ սահմանային այդ հատվածներում հսկողություն չի եղել, դրանք այլ հարցեր են, որոնց պատասխանը հուզում է հանրությանը։
Ավելի ուշ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ ադրբեջանցիները առաջ են եկել, քանի որ սահմանային այդ հատվածները պատերազմից հետո բավարար չափով կահավորված չեն եղել։ Հասկանու՞մ եք։ Մոտ 5000 զոհ, հազարավոր վիրավորներ, հայրենիքի տարածքի կեսից ավելին կորցրած պետության պաշտոնյան ասում է, որ բավարար չափով կահավորված չի եղել։ Սա ծիծաղալու կլիներ, եթե այդքան ցավոտ չլիներ։
Պատերազմից մոտ 8 ամիս է անցել, իսկ մենք որպես պետություն դասեր չենք քաղում, չենք կարողանում ապահովել սեփական քաղաքացիներիր անվտանգությունը։ Սակայն, հիմա չեմ ուզում խոսել պետության անկարողության մասին։ Հիմա ինձ ավելի մեծ բան է տանջում։ Նախկինում, երբ դեռ Արցախը իսկապես Հայաստան էր, երբ այնտեղ հայկական զորքն էր անվտանգություն ապահովում, Հայաստանում հասարակության շրջանում չափազանց վտանգավոր քարոզչություն էր իրականացվում։
Երբ սահմանին գրեթե ամեն օր զինվոր էր զոհվում, բոլորը պահանջում էին իրենց երեխաներին չուղարկել, իրենց ձևակերպմամբ, «Ղարաբաղ, թուրքի բերան»։ Ասում էին՝ մեզ Ղարաբաղը պետք չի, մեզ մեր երեխաներն են պետք։ Այո, մեզ մեր սերունդն է պետք, մեզ մեր հայրենի հողն է պետք։ Հիմա, երբ այդ «թուրքի բերան»-ը հասել է Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Արարատ և աստված գիտի էլ որտեղ, գուցե հիմա էլ ասեք՝ մեր տղաներին մի տարեք Սյունիք, Տավուշ, Վարդենիս, մեզ դրանք պետք չեն։
Գուցե մեր բանակի զորամիավորումները բերենք Երևանում տեղակայենք, թե չէ ու՞մ է պետք Սյունիքը, Վարդենիսը։ Կարևորը ամեն մեկը իր շքամուտքը ապահով պահի՝ սեփական քթից այն կողմ ոչինչ չտեսնելով։ Ու ցավալին այն է, որ այսպիսի մտածելակերպով հայերը մեծամասնություն են կազմում։
Երբ հարևանի տանը հրդեհ է լինում, պինդ փակում ես դուռդ, որ քո տունն ապահով լինի։ Այս տրամաբանությունն ավելի ընգծված դարձավ վերջին մի քանի տարում։
Գուցե հիմա էլ այդ վտանգավոր թեզը փորձեք առաջ քաշել ու առանց այն էլ պառակտված ու ատելությամբ լցված հայ ազգին էլ ավելի մասնատեք։ Քանի որ հասարակության մի զանգված կա, որը առանց խորը մտածելու գնում է նման ապազգային քարոզ իրականացնող ուժերի ու անհատների ետևից։
Մոնթեի՝ «կորցնելով Արցախը մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը» խոսքերի արժեքը ցանկացած գիտակից հայ պետք է հասկանար մինչև Արցախը կորցնելը։ Արցախը կորցնելով մենք այժմ գտնվում ենք ամենօրյա վտանգի ներքո։ Վերջին դեպքերը ապացուցեցին, որ թուրքը ցանկացած պահի կարող անարգել մտնել Հայաստան, սպառնալ հայ ժողովրդին։ Հիմա ինչպե՞ս են իրենց զգում «մեր տղաներին Ղարաբաղ, թուրքի բերան մի ուղարկեք» գոռացողները։ Ինչպես են հիմա զգում իրենց «թուրքի բերանում»։
Հավանաբար՝ լավ․․․
Ներեցեք չափազանց զգացմունքային լինելու համար․․․