Ադրբեջանում այսօր հայ ռազմագերիների գտնվելու փաստն ուղղակի անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց քննարկման նախաձեռնող, ԵԽ սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբակցության անդամ, պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոսը:
«Մենք զեկույցներ ենք տեսնում այն մասին, որ նրանք (խմբ.- հայ ռազմագերիները) ենթարկվում են բռնությունների ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Սա Ժնևյան կոնվենցիայի հստակ խախտում է: Մենք պահանջում ենք բոլոր ռազմագերիների ազատ արձակում՝ առանց նախապայմանների»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ համաձայնագիրը պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի: