Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանները հսկելու գործընթացին:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, հայկական կողմի պատկերացմամբ, պետք է հսկվեն սահմանապահ ուժերի կողմից։ Այո, Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ սահմանը։ Եվ իմ ասած երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի զինված ուժերը րոպե առաջ լքեն ՀՀ տարածքը։ Մեր պատկերացումը հետևյալն է՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հիմա առավել ևս տվյալ տեղամասում, թե ՀՀ, թե Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր։ Եվ այդ հատվածներում, հետագայում նաև ամբողջ սահմանին պահպանություն պետք է իրականացնեն սահմանապահ ծառայությունները, ինչի համար նրանք կոչված են։ Այսպիսի լուծման գնալը հեշտ չի լինելու, իլյուզիաների չտրվենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմն այս ընթացքում անընդհատ դա առաջարկել է և շարունակում է առաջարկել, «որովհետև ի վերջո դա այն լուծումն է, որը իսկապես նշան կլինի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության համար»: