Նախագահի աշխատակազմը 2020-ին պատերազմի արդյունքում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 73 ընտանիքի կեցության և սննդի կազմակերպման համար ուղղել է 28 մլն 700 հազար դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշետվության նախնական քննարկմանը:
«Հաշվետու ժամանակահատվածում կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած խնդիրներով պայմանավորված՝ նախագահի աշխատակազմի կողմից ցուցաբերվող աջակցությունը հիմնականում միտված է եղել սոցիալական խնդիրների լուծմանը: Իրականացվել է 21 բարեգործական ծրագիր»,- ասաց Տարասյանը:
Աջակցություն է տրամադրվել համավարակով պայմանավորված սոցիալական ծանր վիճակում գտնվող, սննդի ապահովման, սահմանամերձ շրջաններում հեռավար կրթության համար համակարգչային տեխնիկայի կարիք ունեցող, Գյումրիում տնակային պայմաններում բնակվող, Երևանի և մարզերի բազմազավակ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքներին: «Աջակցություն է տրամադրվել Արցախում զոհված զինծառայողների և Հայաստանում ժամանակավորապես ապաստանած Արցախից տարհանված ընտանիքներին: 2020-ին նախագահի աշխատակազմի կողմից 28 մլն 700 հազար դրամ է հատկացվել Հայաստան տեղափոխված արցախցի 73 ընտանիքների՝ շուրջ 290 անձանց կեցության և սննդի կազմակերպման համար»,- ասաց աշխատակազմի ղեկավարը: