Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կոչով է հանդես եկել նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով:
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ եմ անում լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն անցկացնել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի մթնոլորտում:
Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: