Մայր Աթոռն արձագանքել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց Եկեղեցու հասցեին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մայր Աթոռի արձագանքը. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։
Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»։