«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակնկալում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում կրկին երրորդ ուժը կլինի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
Մարուքյան նշեց, որ երրորդ տեղում են ընտրապայքարում ու պարզաբանեց. «Դա նշանակում է կրկին երրորդ ուժ՝ խորհրդարանում: Զարգացումներն այդ ուղղությամբ են գնում»:
Հետընտրական շրջանում ԼՀԿ-ն փողոց դուրս կգա միայն այն դեպքում, երբ, օրինակ, ընտրությունների արդյունքները կեղծվեն կամ երկրում արհավիրք տեղի ունենա: Մարուքյանը, սակայն, վստահեցրեց, որ ԼՀԿ-ն հիմա հանդես է գալիս փողոց դուրս գալն ընդհանրապես բացառելու համատեքստում:
«Եթե մենք միասնության և համերաշխության օրակարգով գալիս ենք, բոլորին համախմբում ենք, ի՞նչ փողոց: Եթե չի ձևավորվում ազգային համաձայնության կառավարություն, ուրեմն մեր օրակարգը պարտված է: Եթե մեր օրակարգը պարտված է, մենք որևէ ձևով, որևէ անելիք չունենք: Այսինքն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրակարգը հաղթի: Այդ օրակարգը ժողովրդի պահանջն է: Մեզանից կախվածն արդեն արել, անում ենք, մյուս ուժերից կախվածն է պետք անել»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
Նա շեշտեց, որ համերաշխության և համախմբման սարեր շուռ տվող ուժի դեմ ոչ մի բան չի կարող կանգնել: «Այն գաղափարով, որ մենք դրել ենք, հնարավոր է ուղղակի սարեր շուռ տալ՝ փոխաբերական իմաստով: Այնպիսի բաներ կարելի է անել 6 ամսում, 1 տարում, որ դրա արդյունքներն ուղղակի կզարմացնեն բոլորին: Բոլորի համախմբումն այլընտրանք չի ունենալու»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այն, ինչ առաջարկում են նախկին և ներկա իշխանությունները, պարզապես իրենց տարիներ առաջ ունեցած հարցերը պարզելու համար է: