2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը կորցրել է ավելի քան 197 հազար քաղաքացու վստահությունը:
Այսպես, ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 595 հազար 334 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 282 հազար 411-ը կամ 49,4 տոկոսը:
Ընտրություններին մասնակցածներից «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 687 հազար 414 մարդ։
Իսկ ահա 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 593 հազար 140 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 261 հազար 105 քաղաքացի:
Նրանցից «Իմ քայլը» դաշինքին կողմ է քվեարկել 884 հազար 864 քաղաքացի։
Սա նշանակում է, որ 2018-ից 3 տարի հետո Նիկոլ Փաշինյանի օգտին է քվեարկել 197 հազար 450-ով ավելի պակաս քաղաքացի։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժ այս ընտրություններում ստացել է ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցողների 26,5 տոկոսը: 2018-ին այդ ցուցանիշը 34,1 տոկոս էր: