Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ՀՀ ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքը բնութագրում է որպես համազգային ապաքինմանն ուղղված առաջին քայլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակով Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի հանրապետության օրինականորեն ընտրված վարչապետ: «ՀԲԸՄ-ն այս առթիվ իր շնորհավորանքն է հղում պարոն Փաշինյանին: Ընտրողները ձայների վճռորոշ տարբերությամբ իրենց քվեներով նրան երկրորդ հնարավորություն ընձեռեցին կատարելու իր իսկ խոստումները՝ անդրադառնալու 2020-ի Արցախյան պատերազմի ողբերգական կորուստների պատճառներին:
Սա, անկասկած, կարևորագույն ժամանակաշրջան է, որը հիմքեր է դնելու անկախ հայկական պետության տևական գոյատևման համար: Մենք հավատացած ենք, որ հաջողության հասնելու առաջին քայլը պետք է լինի համազգային ապաքինման ուղղությամբ աշխատելը: Դա վերաբերում է խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների կառավարմանը հաշտության և համագործակցության ոգով՝ ընդունելով, որ տարածաշրջանային լարված իրավիճակում պառակտված կառավարումը երկիրն է՛լ ավելի մեծ վտանգների կենթարկի: Ժամանակն է զորավիգ լինելու Հայաստանի ապագայի միասնական տեսլականին՝ որպես հրատապ առաջնահերթություն սահմանելով երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով հորդորել է ներկա ղեկավարությանը ակտիվորեն ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին, այդ թվում՝ թափանցիկության, ներառականության և քաղաքացիական հասարակության՝ ընդգրկելով նաև աշխարհատարած հայկական սփյուռքը: «Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է լծվի ճիշտ ձևով անհրաժեշտ հաստատությունների կառուցման ու կայացման գործին: Առաջ ընթանալու համար պահանջվում է ունենալ միասնականություն, որտեղ կառավարությունը կողջունի Հայաստանի և սփյուռքի մասնագետների և տաղանդավոր մարդկանց մասնակցությունն ավելի պայծառ ապագայի կերտման հստակ ճանապարհային քարտեզի մշակման գործում»,- նշել են ՀԲԸՄ-ում՝ հավելելով, որ համայն հայությունը դերակատարություն ունի ապաքինման և վերակառուցման այս գործընթացում: Որպես աշխարհում ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ունի 115-ամյա ներկայություն հայրենիքում, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու հաղթահարել խորը համազգային ցավը: «Եվ մենք գիտակցում ենք հույսն ու դիմացկունությունը վերականգնելու կարևորությունը, քանզի մեր ժողովուրդն առերեսվում է չափազանց իրական մտահոգությունների՝ կապված սոցիալ-տնտեսական հեռանկարների, առողջության, անվտանգության և, իհարկե, այս անկայուն աշխարհում իր զավակների ապագայի հետ:
Վերջին 30 տարիներին մենք ապացուցել ենք սփյուռքի անկեղծ ու անսահման նվիրվածությունը հայրենի պետականությանն աջակցելու գործում, և վստահ ենք, որ այս նվիրումը շարունակվելու է, քանի որ Հայաստանը շարունակում է լինել մեր հպարտությունն ու մեր ինքնության երաշխավորը:
Եկեք վերակերտենք մեր ազգը՝ վեր հանելով և հարգելով միմյանց տաղանդներն ու ուժեղ կողմերը և դրանք օգտագործենք արդյունավետ ձևով: Դա մեր պարտքն է գալիք սերնդի և այն մարդկանց հանդեպ, որոնք գնացին գերագույն զոհաբերության՝ հանուն մեր ժողովրդի ազատության և արդարության:
Միությունը զորություն է»,- նշված է ՀԲԸՄ հայտարարության մեջ:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին և Նյու Յորքում գտնվող գլխամասային գրասենյակով՝ ՀԲԸՄ-ն կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին: