Համաշխարհային հանրությունը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ահազանգել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ աշխարհի հարուստ երկրները բացում են իրենց հասարակություններին ու պատվաստում են երիտասարդներին, ովքեր ռիսկային գոտում չեն գտնվում, մինչդեռ աղքատ երկրներում պատվաստանյութերի խիստ պակաս կա: Գեբրեյեսուսը հայտնել է, որ իրավիճակը հատկապես վտանգավոր է Աֆրիկայում, որտեղ վարակի և մահվան նոր դեպքերն ավելացել են 40 տոկոսով՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ:
«Մեր աշխարհը ձախողում է, մենք՝ որպես համաշխարհային հանրություն, ձախողում ենք»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: ԱՀԿ ղեկավարը հերթական անգամ կոչ է արել երկրներին՝ ավելի ցածր եկամուտ ունեցող պետությունների հետ կիսվել պատվաստանյութերի իրենց դեղաչափերով: