ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ-ից, նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը, ուստի վերը նշված միջնորդությունը քննիչի կողմից ուղարկվել է դատախազին` քննարկման նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը` առնվազն տարօրինակ ենք համարում հիշյալ միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին ներկայացնելու հանգամանքը: Ցանկալի կլիներ, որպեսզի մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները տիրապետեին քրեադատավարական այն տարրական նորմերին, որոնց համաձայն` կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին: