Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Բարձրագույն հրամանատարներն իրենց գործառույթները կատարելու փոխարեն դարձել էին քաղաքական խաղերի մասնակից․ ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

«Զարթոնք» օրաթերթ, Երևան

-Ինչո՞ւ պարտվեցինք 44-օրյա պատերազմում։

-Որովհետև մենք պատրաստ չէինք պատերազմի։ Մեզ խաբել, որ սա պարտություն չէր, ճիշտ չէ, մենք պարտվել ենք։ Մենք երկար ժամանակ ինքնախաբեությամբ ենք զբաղված եղել, որ հզոր ենք, տարածաշրջանում ամենահզոր բանակն ունենք և այլն։ Ինչքան էլ ցավալի է գիտակցել ու բարձրաձայնել, բայց 44 օրյա պատերազմի արդյունքը պարտությունն էր։

Այս հարցով ու այս ուղիղ ու ցավոտ պատասխանով  սկսվեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական ջոկատի հրամանատար, արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակից Արկադի Սահակյանի հետ մեր զրույցը Լոռու մարզի Պուշկինո համայնքում։

Երեկո էր, լոռվա գեղեցիկ բնությունով շրջապատված հյուրատան բակը մի քանի ժամով մեզ համար դարձել էր քաղաքական ու ռազմական քննարկումների վայր։

«Հայերը վատ սովորություն ունեն։ Իրենք թույլ են տալիս, որ խաբեն  իրենց, ինչը երևի ձեռք է տալիս։ Մենք շատ լավ գիտեինք, որ մեր բանակի վիճակը այն չէ։ Ում հարցնում էիր գանգատվում էին, որ երեխաները կիսասոված էին, սպառազինությունը հին էր, խնդիրները շատ։ Բայց հենց կանգնում էին բեմին, պնդում էին, որ մեր բանակն ամենամարտունակն է, հզորն է ու բոլորը ծափահարում էին։ Սա ևս պարտության պատճառներից մեկն էր»,- ասում է հրամանատարը։

Արկադի Սահակյանի պնդմամբ՝ պատերազմում պարտությունը միայն վերջին երեք տարվա իշխանությանը մեղքով չէր, դա շարունակությունն էր։ «Ես և՛ առաջին պատերազմին եմ մասնակցել՝ առաջին օրվանից մինչև զինադադարի կնքումը, և՛ ապրիլյանին, և՛ Տավուշի հուլիսյան դեպքերին, և՛ 44-օրյա  պատերազմին։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ մենք արդեն գիտեինք, որ ի վիճակի չենք լայնածավալ պատերազմի։ Փառք աստծո, որ 44 օր դիմացան մեր տղաները»,- նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ եթե իրական պատկերը նայենք, պատերազմի ժամանակ մենք արդեն հոկտեմբերի 5-6-ին գիտեինք, որ այլևս ի վիճակի չենք կռվելու։ Արկադի Սահակյանը պատերազմի պարտության մեջ նաև տեսնում է քաղաքական նրբերանգներ։

«Ազգը, պետությունը, բանակը դարձավ քաղաքական ուժերի խաղալիքը։ Բարձրագույն  հրամանատարները իրենց գործառույթները կատարելու փոխարեն դարձել էին քաղաքական խաղերի մասնակիցներ, որը շատ հիասթափեցնող էր։ Բարձրագույն հրամանատարական կազմը իր մեջ տղամարդկություն չէր գտնում հակադրվելու, հակազդելու կամ ասելու ոչ։ Պատերազմի ժամանակ, երբ նման խնդիրներ կային, մենք ոչ մի բարձրաստիճան զինվորականից չլսեցինք նորմալ հրաման։ Հետին թվով պետք չէ արդեն որևէ բանի գնահատական տալ։ Բոլոր ուղղություններով եղել ենք՝ լեգենդար Եղնիկներ, Ջաբրայիլ, Շուշի, բոլոր տեղերում հանդիպել ենք ստի։ Սա էր խնդիրը։ Մեր սպայական կազմը գիտեր, որի ի վիճակի չէր դիմադրելու։ Բայց կար հայրենասիրական ոգին, հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը»,- հիշում ու պատմում է «Տիգրան մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական ջոկատի հրամանատարը, հպարտորեն հավելելով, որ 18 տարեկան զինվորներն էին կամավորականներին «դուխ» տալիս մարտի դաշտում, այնինչ իրենք գնացել էին այդ երեխաներին պաշտպանելու նպատակով։

Արկադի Սահակյանի կարծիքով՝ այս պատերազմը ցույց տվեց, որ սա ազգային պատերազմ չէր։ «Մենք դիրքերից գալիս էինք Երևան, Կասկադ, այնտեղ մարդկանց հոծ բազմություն կար, մարդիկ ուրախանում էին, կարծես պատերազմը միայն մարտի դաշտում էր։ Պատերազմի ժամանակ բոլորիս գործը մեկը պետք է լիներ՝ կռվելը»,- ցավով նշում է նա։

Հիշելով 90-ական թվականների վիճակը, երբ հայկական կողմը փաստացի պարտված էր, կորցրել էր Արցախի մեծ մասը՝ Մարտակերտը, Հադրութը, Շահումյանը, Արծվաշենը, Արկադի Սահակյանն ասում է՝ այն ժամանակ կար հավատ, հավատ մեր գաղափարի ու գործի նկատմամբ, ինչը դժվար է ասել 44-օրյա պատերազմի մասին։

«Այն ժամանակ մենք հավատում էինք, որ դա պետք էր մեր ազգին, մենք պետք է դա անեինք։ Ու տղաները դա արեցին։ Կանխեցին լայնածավալ հարձակումները։ Այն ժամանակ էլ Ադրբեջանը մեզանից ավելի հզոր էր, իր մեջքին կանգնած էին շատ երկրներ։ Ես ինքս կռվի դաշտում և՛ չեչեններ եմ տեսել, և՛ պակիստանցիներ և՛ այլ ազգի զինյալներ։ Բայց այն ժամանակ կար հավատ մեր գործի նկատմամբ։ Մեր հաղթանակի գրավականը դա էր»,- հիշում է հրամանատարը, ապա շեշտում՝ այն ժամանակ էլ մենք ունեինք ընկեր և հարևան պետություններ, բայց ոչ մեկին չէինք վստահում, միայն գործում էինք հայոց պետականությունից ու շահերից ելնելով, ինչը այսօրվա մասին ասել դժվար է։

Մեր զրուցակիցը ցավով նշում է՝ այսօր Հայաստանում հայամետ մարդ գրեթե չկա, բոլորը ինչ-որ մեծ պետությունների շահեր են սպասարկում՝ ռուսամետ, արևմտամետ և այլն։ Իսկ 90-ականներին մարդիկ միայն հայամետ էին ու պայքարում էին մեկ նպատակի համար։ «Պետք է պարզապես հասկանալ, թե ինչքանով է տվյալ երկրի շահերը բխում իմ երկրի շահերից։ Դա պետք է լինի առաջնային։ Իսկ մեզ այսօր տանում են դեպի հակառակը։ Մենք փոխանակ խոսենք ազգային հարցերի մասին, այլ հարց են առաջ քաշում։ Այն  է, որ ազգը պետք է կողմնորոշվի՝ արևմտամետ է, ռուսամետ թե չգիտեմ ինչ։ Ազգը պետք է լինի հայամետ ու դրա մեջ պետք է լինի հարգալից վերաբերմունք թե՛ Ռուսաստանի, թե՛ Ամերիկայի, թե՛ Եվրոպայի հանդեպ։ Ազգի շահը պետք  է առաջնային լինի»,- վստահ ասում է Ա․ Սահակյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում  և դրանից հետո շատ է խոսվում դավաճանությունների մասին և տարբեր մարդկանց կողմից նշվում, որ մեր պարտության պատճառը դավաճանությունն էր, տեղանքի քարտեզների, կորդինատների տրամադրումը թշնամուն և այլն։ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մի քանի նման դեպքի մասին հայտարարություն արդեն տարածել է։ Արկադի Սահակյանի համար այս փաստը զարմանալի է, քանի որ 90-ականներին դավաճանության  մասին  անգամ խոսք լինել չէր կարող, իրենք նման բաներ չեն տեսել։

«Դավաճանություն, այո, եղել է այս պատերազմի ժամանակ։ Եվ հետո, մենք մեր ձեռքով քանդեցինք մեր ազգային անվտանգության ծառայությունը։ Այս ղեկավարների ամենամեծ մեղքը այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը սարքել են բլոգեր բռնող կառույց։ Երբ դու գիտես, որ չորս կողմից շրջափակված ես թշնամիներով, դու ընկել բլոգեր ես ման գալիս։ Դա ազգային անվտանգության ծառայության գործը չէ։ ԱԱԾ-ի գործը ազգային անվտանգությունը ապահովելն է, ոչ թե կաշառակերություն ու բլոգեր բռնելը։ Ազգային անվտանգության գործը հետախուզությունն ու հակահետախուզությունն է ու ոչ միայն։ Դա ևս իր ազդեցությունն ունեցավ պատերազմի վրա։ Ես սովետական բանակում էլ եմ ծառայել, սպա եմ եղել։ Ես չեմ պատկերացնում, ինչպես կարող էին այդ ժամանակ ինչ-որ մեկը կապի դուրս գալ թշնամական բանակի հետ, մի բան էլ տեղեկություններ փոխանցեր։ Հազար տեղից հսկում էին։ Իսկ հիմա մարդիկ մեքենայով գնում են Թբիլիսի, կանգնում Ադրբեջանի դեսպանատան մոտ, մտնում իրենց գործն անում ու դուրս գալիս։ Այնքան լկտիացած վիճակ է, որ այդպես են դավաճանություն անում։ Ո՞վ կմտածեր։ Բա 22 տարեկան տղային բերել նշանակել եք Ազգային անվտանգության պետ, առանց համապատասխան փորձի, գիտելիք, այդպես էլ պետք է լիներ։ 90-ականներին  տղաները ապացուցեին, որ ի վիճակի են պաշտպանել երկիրը։ Այն ժամանակ դավաճաններ չեն եղել, նման բաների մասին մենք չենք էլ լսել։ Այն ժամանակվա մեր ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է, օրինակ, Ադրբեջանից ինքնաթիռ բերել Հայաստան։ Այդպիսի տղաներ են եղել այն ժամանակ։ Դա պետք է լինի ազգային անվտանգության  գործառույթը, ոչ թե գյուղապետ կամ դպրոցի տնօրեն բռնելը։ Երբ, ԱԱԾ-ն սկսում է նման բաներով զբաղվել, պարզ է, որ իրենց որակավորումը իջնում է»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։

Հարցին, ինչպես պետք է կարողանանք վերականգնել բանակը, Սահակյանն ասում է՝ այսպիսի մտածելակերպ ունեցող հասարակության հետ դժվար կլինի։ «Ամեն ինչ պետք է սկսել մանկապարտեզից, դպրոցից։ Մյուս կողմից բանակի սպայի հարցն է առաջնային։ Նրանց կարգավիճակը։ Ռազմական  կրթություն ստանալը պետք է դառնա ավելի պատվաբեր, ոչ թե այդքան հեշտ լինի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվելը։ Վերջին տարիներին, ով ոչ մի տեղ չէր կարողանում ընդունվել, գնում էր Վազգեն Սարգսյան։ Հասարակությունը պետք է հասկանա, որ բանակը չես բուժում, բուժում ես հասարակությունը։ Բանակը մեր հասարակության արտացոլումն է։ Ինչպես դաստիարակում են երեխային, այդպես բանակն ընդունում է։ Բանակում չեն դաստիարակվում երեխաները։ Այնպես որ պետք է փոխել հասարակության դաստիարակությունը, մտածելակերպը։ Հայկական եթերները պետք է մաքրել աղբից, գողական ու վատ սովորություններ քարոզող հաղորդումներից։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք ունենալ լավ ու կայացած բանակ»,- իր խոսքը եզրափակեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական ջոկատի հրամանատար, արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակից Արկադի Սահակյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img