«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այսօր, ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին է հանձնել ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Զարթոնքի» ղեկավար, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Դիմումի համաձայն` խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը:
«Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ են եղել, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա»,–գրել է Զոհրաբյանը:
Նա տեղեկացրել է, որ ՍԴ-ին 5 միջնորդություն է ներկայացվել պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելու համար.
- ԱԱԾ-ին՝ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել։
- ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց ընդհանուր քանակը։
- ՀՀ ՊՆ-ին՝ ներկայացնել տեղեկություն, թե որքան զինծառայող է մասնակցել 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին։
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. հունիսի 20-ին որ ընտրական տեղամասերն են հոսանքազրկվել, որքան ժամանակով և ինչ պատճառներով։
- Գլխավոր դատախազությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. մայիսի 25-ից առ 22.06.2021 թվականն ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև այդ հաղորդումներից յուրաքանչյուրի բովանդակությանը համարժեք ինչ միջոցներ են ձեռնարկվել, քանի քրեական գործ է հարուցվել, որ հոդվածի հատկանիշներով:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։