Զրոյց՝ «Տիգրան Մեծ» Աշխարհազօրային Գնդի Հետախուզական Ջոկատի Հրամանատար, Արցախեան Երեք Պատերազմների Աշխոյժ Մասնակից Արկադի Սահակեանի Հետ
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից
— Ինչո՞ւ պարտուեցինք 44-օրեայ պատերազմում։
— Որովհետեւ մենք պատրաստ չէինք պատերազմի։ Մեզ խաբել, որ սա պարտութիւն չէր, ճիշտ չէ, մենք պարտուել ենք։ Մենք երկար ժամանակ ինքնախաբէութեամբ ենք զբաղուած եղել, որ հզօր ենք, տարածաշրջանում ամենահզօր բանակն ունենք եւ այլն։ Ինչքան էլ ցաւալի է գիտակցել ու բարձրաձայնել, բայց 44 օրեայ պատերազմի արդիւնքը պարտութիւնն էր։
Այս հարցով ու այս ուղիղ ու ցաւոտ պատասխանով սկսուեց «Տիգրան Մեծ» աշխարհազօրային գնդի հետախուզական ջոկատի հրամանատար, արցախեան երեք պատերազմների աշխոյժ մասնակից Արկադի Սահակեանի հետ մեր զրոյցը Լոռու մարզի Փուշքինօ համայնքում։
Երեկոյ էր, լոռուայ գեղեցիկ բնութիւնով շրջապատուած հիւրատան բակը մի քանի ժամով մեզ համար դարձել էր քաղաքական ու ռազմական քննարկումների վայր։
«Հայերը վատ սովորութիւն ունեն։ Իրենք թոյլ են տալիս, որ խաբեն իրենց, ինչը երեւի ձեռք է տալիս։ Մենք շատ լաւ գիտէինք, որ մեր բանակի վիճակը այն չէ։ Ում հարցնում էիր գանգատւում էին, որ երեխաները կիսասոված էին, սպառազինութիւնը հին էր, խնդիրները շատ։ Բայց հենց կանգնում էին բեմին, պնդում էին, որ մեր բանակն ամենամարտունակն է, հզօրն է ու բոլորը ծափահարում էին։ Սա եւս պարտութեան պատճառներից մէկն էր»,- ասում է հրամանատարը։
Արկադի Սահակեանի պնդմամբ՝ պատերազմում պարտութիւնը միայն վերջին երեք տարուայ իշխանութեանը մեղքով չէր, դա շարունակութիւնն էր։ «Ես եւ՛ առաջին պատերազմին եմ մասնակցել՝ առաջին օրուանից մինչեւ զինադադարի կնքումը, եւ՛ ապրիլեանին, եւ՛ Տավուշի յուլիսեան դէպքերին, եւ՛ 44-օրեայ պատերազմին։ 2016 թուականի ապրիլեան պատերազմի ժամանակ մենք արդեն գիտէինք, որ ի վիճակի չենք լայնածաւալ պատերազմի։ Փառք աստծոյ, որ 44 օր դիմացան մեր տղաները»,- նշում է մեր զրուցակիցը։
Նրա խօսքով՝ եթէ իրական պատկերը նայենք, մենք պատերազմի ժամանակ արդեն հոկտեմբերի 5-6-ին գիտէինք, որ այլեւս ի վիճակի չենք կռուելու։ Արկադի Սահակեանը պատերազմի պարտութեան մէջ նաեւ տեսնում է քաղաքական նրբերանգներ։
«Ազգը, պետութիւնը, բանակը դարձաւ քաղաքական ուժերի խաղալիքը։ Բարձրագոյն հրամանատարները իրենց գործառոյթները կատարելու փոխարէն դարձել էին քաղաքական խաղերի մասնակիցներ, որը շատ հիասթափեցնող էր։ Բարձրագոյն հրամանատարական կազմը իր մէջ տղամարդկութիւն չէր գտնում հակադրուելու, հակազդելու կամ ասելու ոչ։ Հետին թուով պէտք չէ արդեն որեւէ բանի գնահատական տալ։ Պատերազմի ժամանակ, երբ նման խնդիրներ կային, մենք ոչ մի բարձրաստիճան զինուորականից չլսեցինք նորմալ հրաման։ Բոլոր ուղղութիւններով եղել ենք՝ լեգենդար Եղնիկներ, Ջաբրայիլ, Շուշի, բոլոր տեղերում հանդիպել ենք ստի։ Սա էր խնդիրը։ Մեր սպայական կազմը գիտէր, որ ի վիճակի չէր դիմադրելու։ Բայց կար հայրենասիրական ոգին, հայրենիքը պաշտպանելու պատրաստակամութիւնը»,- յիշում է «Տիգրան մեծ» աշխարհազօրային գնդի հետախուզական ջոկատի հրամանատարը, հպարտօրէն յաւելելով, որ 18 տարեկան զինուորներն էին կամաւորականներին «դուխ» տալիս մարտի դաշտում, այնինչ իրենք գնացել էին այդ երեխաներին պաշտպանելու նպատակով։
Արկադի Սահակեանի կարծիքով՝ այս պատերազմը ցոյց տուեց, որ սա ազգային պատերազմ չէր։ «Մենք դիրքերից գալիս էինք Երեւան, Կասկադ, այնտեղ մարդկանց հոծ բազմութիւն կար, մարդիկ ուրախանում էին, կարծես պատերազմը միայն մարտի դաշտում էր։ Պատերազմի ժամանակ բոլորիս գործը մէկը պէտք է լիներ՝ կռուելը»,- ցաւով յիշում է նա։
Յիշելով 90-ական թուականների վիճակը, երբ հայկական կողմը փաստացի պարտուած էր, կորցրել էր Արցախի մեծ մասը՝ Մարտակերտը, Հադրութը, Շահումեանը, Արծուաշէնը, Արկադի Սահակեանն ասում է՝ այն ժամանակ կար հաւատ, հաւատ մեր գաղափարի ու գործի նկատմամբ, ինչը դժուար է ասել 44-օրեայ պատերազմի մասին։
«Այն ժամանակ մենք հաւատում էինք, որ դա պէտք էր մեր ազգին, մենք պէտք է դա անէինք։ Ու տղաները դա արեցին։ Կանխեցին լայնածաւալ յարձակումները։ Այն ժամանակ էլ Ազրպէյճանը մեզանից աւելի հզօր էր, իր մէջքին կանգնած էին շատ երկրներ։ Ես ինքս կռուի դաշտում եւ՛ չեչեններ եմ տեսել, եւ՛ փաքիստանցիներ եւ՛ այլ ազգի զինեալներ։ Բայց այն ժամանակ կար հաւատ մեր գործի նկատմամբ։ Մեր յաղթանակի գրաւականը դա էր»,- յիշում է հրամանատարը, ապա շեշտում՝ այն ժամանակ էլ մենք ունէինք ընկեր եւ հարեւան պետութիւններ, բայց ոչ մէկին չէինք վստահում, միայն գործում էինք հայոց պետականութիւնից ու շահերից ելնելով, ինչը այսօրուայ մասին ասել դժուար է։
Մեր զրուցակիցը ցաւով նշում է՝ այսօր Հայաստանում հայամէտ մարդ գրեթէ չկայ, բոլորը ինչ-որ մեծ պետութիւնների շահեր են սպասարկում՝ ռուսամէտ, արեւմտամէտ եւ այլն։ Իսկ 90-ականներին մարդիկ միայն հայամէտ էին ու պայքարում էին մէկ նպատակի համար։ «Պէտք է պարզապէս հասկանալ, թէ ինչքանով է տուեալ երկրի շահերը բխում իմ երկրի շահերից։ Դա պէտք է լինի առաջնային։ Իսկ մեզ այսօր տանում են դէպի հակառակը։ Մենք փոխանակ խօսենք ազգային հարցերի մասին, այլ հարց ենք առաջ քաշում։ Այն է, որ ազգը պէտք է կողմնորոշուի՝ արեւմտամէտ է, ռուսամէտ թէ չգիտեմ ինչ։ Ազգը պէտք է լինի հայամէտ ու դրա մէջ պէտք է լինի յարգալից վերաբերմունք թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Ամերիկայի, թէ՛ Եւրոպայի հանդէպ։ Ազգի շահը պէտք է առաջնային լինի»,- վստահ ասում է Ա․ Սահակեանը։
44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ շատ է խօսւում դաւաճանութիւնների մասին եւ տարբեր մարդկանց կողմից նշւում, որ մեր պարտութեան պատճառը դաւաճանութիւնն էր, տեղանքի քարտէզների, ռազմական այլ գաղտնիքներու տրամադրումը թշնամուն եւ այլն։ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը (ԱԱԾ) մի քանի նման դէպքի մասին յայտարարութիւն արդեն տարածել է։ Արկադի Սահակեանի համար այս փաստը զարմանալի է, քանի որ 90-ականներին դաւաճանութեան մասին անգամ խօսք լինել չէր կարող, իրենք նման բաներ չեն տեսել։
«Դաւաճանութիւն, այո, եղել է այս պատերազմի ժամանակ։ Եւ յետոյ, մենք մեր ձեռքով քանդեցինք մեր ազգային անվտանգութեան ծառայութիւնը։ Այս ղեկավարների ամենամեծ մեղքը այն է, որ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը սարքել են պլոկեր բռնող կառոյց։ Երբ դու գիտես, որ չորս կողմից շրջափակուած ես թշնամիներով, դու ընկել պլոկեր ես ման գալիս։ Դա ազգային անվտանգութեան ծառայութեան գործը չէ։ ԱԱԾ-ի գործը ազգային անվտանգութիւնը ապահովելն է, ոչ թէ կաշառակերութիւն ու պլոկեր բռնելը։ Ազգային անվտանգութեան գործը հետախուզութիւնն ու հակահետախուզութիւնն է ու ոչ միայն։ Դա եւս իր ազդեցութիւնն ունեցաւ պատերազմի վրայ։ Ես սովետական բանակում էլ եմ ծառայել, սպայ եմ եղել։ Ես չեմ պատկերացնում, ինչպէս կարող էին այդ ժամանակ ինչ-որ մէկը կապի դուրս գալ թշնամական բանակի հետ, մի բան էլ տեղեկութիւններ փոխանցեր։ Հազար տեղից հսկում էին։ Իսկ հիմա մարդիկ մեքենայով գնում են Թիֆլիս, կանգնում Ազրպէյճանի դեսպանատան մօտ, մտնում իրենց գործն անում ու դուրս գալիս։ Այնքան լկտիացած վիճակ է, որ այդպէս են դաւաճանութիւն անում։ Ո՞վ կը մտածեր։ Բա 22 տարեկան տղային բերել նշանակել էք Ազգային անվտանգութեան պետ, առանց համապատասխան փորձի, գիտելիք, այդպէս էլ պէտք է լիներ։ 90-ականներին տղաները ապացուցէին, որ ի վիճակի են պաշտպանել երկիրը։ Այն ժամանակ դաւաճաններ չեն եղել, նման բաների մասին մենք չենք էլ լսել։ Այն ժամանակուայ մեր ազգային անվտանգութեան ծառայութիւնը կարողացել է, օրինակ, Ազրպէյճանից ինքնաթիռ բերել Հայաստան։ Այդպիսի տղաներ են եղել այն ժամանակ։ Դա պէտք է լինի ազգային անվտանգութեան գործառոյթը, ոչ թէ գիւղապետ կամ դպրոցի տնօրէն բռնելը։ Երբ, ԱԱԾ-ն սկսում է նման բաներով զբաղուել, պարզ է, որ իրենց որակաւորումը իջնում է»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։
Հարցին, ինչպէս պէտք է կարողանանք վերականգնել բանակը, Սահակեանն ասում է՝ այսպիսի մտածելակերպ ունեցող հասարակութեան հետ դժուար կը լինի։ «Ամեն ինչ պէտք է սկսել մանկապարտէզից, դպրոցից։ Միւս կողմից բանակի սպայի հարցն է առաջնային։ Նրանց կարգավիճակը։ Ռազմական կրթութիւն ստանալը պէտք է դառնայ աւելի պատուաբեր, ոչ թէ այդքան հեշտ լինի Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարան ընդունուելը։ Վերջին տարիներին, ով ոչ մի տեղ չէր կարողանում ընդունուել, գնում էր Վազգէն Սարգսեան։ Հասարակութիւնը պէտք է հասկանայ, որ բանակը չես բուժում, բուժում ես հասարակութիւնը։ Բանակը մեր հասարակութեան արտացոլումն է։ Ինչպէս դաստիարակում են երեխային, այդպէս բանակն ընդունում է։ Բանակում չեն դաստիարակւում երեխաները։ Այնպէս որ պէտք է փոխել հասարակութեան դաստիարակութիւնը, մտածելակերպը։ Հայկական եթերները պէտք է մաքրել աղբից, գողական ու վատ սովորութիւններ քարոզող հաղորդումներից։ Միայն այդ ժամանակ մենք կը կարողանանք ունենալ լաւ ու կայացած բանակ»,- իր խօսքը եզրափակեց «Տիգրան Մեծ» աշխարհազօրային գնդի հետախուզական ջոկատի հրամանատար, արցախեան երեք պատերազմների աշխոյժ մասնակից Արկադի Սահակեանը։