«Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» կուսակցության և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումները։
Այսպիսով 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանը ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: