Երկարատեւ ու տանջալից ինքնաբավարարումից հետո, որը պաշտոնապես հայտարարվեց «խորհրդակցություններ», ՀԱՊԿ-ը վերջապես պատասխանեց Հայաստանի դիմումին: Հիշեցնենք, որ Հայաստանն այդ ծաղրանկարային բլոկին էր դիմել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Բաքվի ներխուժումներից հետո:
«Հայաստանի հարավում իրավիճակի սրումը Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված «սահմանային միջադեպ է» և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին չի վերաբերում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է գիտակցել, որ ՀԱՊԿ ներուժը կիրառվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում։ Այստեղ, ըստ էության, գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել և մենք կողմ ենք, որ խաղաղ ճանապարհով լուծվի», ասել է Զասը։
Զասի գնահատմամբ` հակամարտության սրացում չի նկատվում և ներկայումս պետք չէ խոսել իրավիճակի սրման մասին:
«Առջևում դեռ շատ աշխատանք կա հենց սահմանային հարցերի, վիճելի պահերի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ», — նշել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես շփվել եմ եւ Հայաստանի արտգործնախարարի, եւ պաշտպանության նախարարի հետ: Քննարկում էինք այդ իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում», — հավելել է Զասը:
Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ն մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին:
«Մոնիթորինգային խմբի ձևավորման մասին որոշում չի ընդունվել, թեև, իհարկե, իրավիճակին հետևում ենք», — նշել է գլխավոր քարտուղարը:
Զասը նաև հավելել է, որ կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում` հայկական կողմից և ռուս խաղաղապահներից: