Քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը հանդիսանում է բազմաթիվ հանրապետական, միջազգային ու համաշխարհային մրցույթների հաղթող: Պատվով է ներկայացնում Հայաստանն ու հայ մշակույթը ու միշտ փայլում իր բարձր կատարողական արվեստով:
2020թ.-ին կայացած համաշխարհային World Folk Vision Global Cultural Initiative մրցույթ փառատոնում գրանցել է պատվավոր հաղթանակ` արժանանալով Գլխավոր մրցանակի-<<Գրան պրի>>, աշխարհի ժողովուրդների երաժշտություն անվանակարգում: Այս մրցույթը իր մասշտաբներով զիջում է միայն օլիմպիական խաղերին, մասնակցել են 115 երկրի 3950 մասնակից, եղել է ռեկորդային քվեարկություն: Հաղթանակը որոշվել է ժյուրիի և քվեարկության 50/50 արդյունքով: Սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ առաջին անգամ պատմության մեջ հայկական քանոն նվագարանը Սայաթ-Նովայի <<Էշխեմեդ>>-ով` Մարիաննայի հոգեզմա կատարմամբ հաղթանակ գրանցեց:
Մարիաննան իր մասնակցությունն է ունեցել մի փառատոնի, որը նվիրված է եղել տաբլայի վարպետ Սթալվարդ Փանդիտ Չատուրի 95-ամյակին Հնդկաստանում` 24 ժամ հնդկական հեռուստաընկերությամբ հնչել է երաժշտություն տարբեր երկրների արտիստների կողմից, նվիրված իրենց վարպետին, որից մեկ ժամը հատկացված է եղել մեր հայուհուն: Հնդկական մեկ այլ հեռուստաընկերության ծրագրի մենեջեր նկատելով` Մարիաննային երաժշտության համաշխարհային օրը, ներկայանալու հրավեր է ուղարկում: Այնուհետև քանոնահարուհուն առաջարկում են մասնակցել միջազգային մրցույթի:
Օրեր առաջ Հնդկաստանում կայացած միջազգային մրցույթում Մարիաննա Գեւորգյանը արժանացել է <<Առաջին մրցանակ>>-ի եւ հատուկ մրցանակի <<Երաժշտության դեսպան>>: Մրցույթը միջազգային է եղել, մասնակցել են 200-ից ավել երաժիշտ բազմաթիվ երկրներից : Մեր հայրենակցուհին միակ մասնակիցն է եղել, ում հատուկ մրցանակ են շնորհել:
Ապրելով ու ապրեցնելով հայ մշակույթը, նա ջանասիրաբար փորձում է ինքնուրույն քայլեր ձեռնարկել օտար ազգին ներկայացնելու ազգայինը, մեր անգին գոհարները: Մարիաննան ոչ միայն ինքն է ներկայացնում այլ ազգերին հայ երաժշտությունն ու մշակույթը, այլ նաև այլ ազգի երաժիշտներին է սովորեցնում ու իրենց հետ ներկայացնում: Քանոնահարուհին համավարակի ընթացքում իրականացրել է մի նախագիծ, որի բուն նպատակն է եղել, որ աշխարհը նվագի ու երգի հայերեն:Երաժիշտը նախագծի շուրջ համախմբել է աշխարհի 30 տարբեր երկրներից մասնակիցներ, որոնք նվագել ու երգել են բացառապես հայկական երգ-երաժշտություն, իրենց ազգային ու բացառիկ նվագարաններով (կորա, էրհու, սիթառ, պիպա, զոնգրուան, տաբլա, մակոտո, բերանի հարփ և այլն): Օտարերկրացիներին հետաքրքրել է ոչ միայն երաժշտությունը, այլեւ Հայաստանը:
Մարիաննա Գեւորգյանը նվագել է հնդիկ, չինացի, ֆրանսիացի, նիգերիացի, ճապոնացի, անգլիացի, ամերիկացի, ավստրալիացի, մեքսիկացի, եգիպտացի, իտալացի, պարսիկ, գերմանացի, շվեդ, չեխ երգիչ-երաժիշտների հետ միայն հայկական երաժշտություն: Սա ի դեպ բացառիկ երաժշտական տաղանդ է և մեծ հայրենանվեր առաքելություն:
Մարիաննա Գեւորգյանը իր քանոնով տարբեր ազգերի լարային երաժշտական գործիքներով աշխարհին հասանելի է դարձրել հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը: Եվ սույն ռեկորդը գրանցվել է ՀՀ <<Դյուցազնագրքում>> 2020թ.:
Մի կարևոր նախագիծ ևս իրականացրել է քանոնահարուհին` “Սարի աղջիկ”: Գլխավոր նպատակը, որ այս երգը օտար ազգը ընկալի այլևս հայկական, քանի որ փաստացի նոտաները Կոմիտասի ձեռագրով են գրառված 1913 թ.-ին Էրիվանի նահանգի Սուրմալու գավառում: Ըստ Մարիաննա Գեւորգյանի մեծ ոգեւորությամբ են համաձայնել իր երգիչ, երաժիշտ ընկերները իրականացնել այն: Միացել են Անգլիայից, Մեքսիկայից, Թունիսից, Վաշինգտոնից, Իրաքից, Հնդկաստանից, Մարոկկոյից, Ճապոնիայից, Կանադայից, Ավստրալիայից, Բանգլադեշից, ԱՄՆ-ից:
Ազգային մշակույթը պահպանելու և զարգացման գործում նպաստելու համար նրան են շնորհել ՀՀ ՊՆ ֆիդայինների կողմից <<Սայաթ-Նովա>> մեդալ: Ոստիկանության միջազգային ասոցիացիայի կողմից մեդալ: <<Ալմաստ>> մշակութային կենտորնի կողմից <<Նաղաշ Հովնաթան >> մեդալ: Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների կողմից ստացել է շնորհակալագրեր ու պատվոգրեր, բոլոր միջոցառումներին քանոնով իր շքեղաշքուք կատարումները նվիրելու համար:
Համամարդկային երաժշտի բարձր արվեստից ոգեշնչված նրան են ձոնվել բազում բանաստեղծական շարքեր` մեր մեծանուն արվեստագետների կողմից, որոնք զետեղված են գրքերում: Կտավներ են նվիրել թէ՛ հայ եւ թէ՛ օտարերկրյա հայտնի գեղանկարիչներ` իր եւ նվագարանի պատկերով, անգամ քանդակել են քանոնահարուհուն` իր նվագարանով:
Արեւշատ Ավագյանի ձոն բանաստեղծությունը.
ՔԱՆՈՆԱՀԱՐԸ
Մեղեդիները հնչում են ելևէջում ու սփռվում են
Լռության մաքրամաքուր միջավայրը լցնելով
Ուրախության ու բերկրանքի ոգեշնող նրբերանգներով…
Մեղեդիացած խոսքը, գունագեղ զգացմունքը,
Ապրումը կենսաբեր ու ապրեցնող հաճույքի նման,
Լցվում են մեր էության մեջ…
Նուրբ ու զգայուն հայուհու մատների տակ
Կյանք են առնում ականջալուր դարձող լուսաշար ձայները…
Գեղեցկադեմ հայուհու փորձառու մատների տակ
Հայախոս առոգանությամբ հնչում են քնարի զգայուն լարերը…
Մարիաննա Գեւորգյանի քանոնը չի լռել անգամ պատերազմի օրերին, երբ կյանքի ու մահվան կռիվ էր գնում, այն հնչել է, որպես աղոթք, որպես կյանքի փարոս:
Մարիաննա Գեւորգյանը սովորել ու ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա գերազանցությամբ: Տաղանդաշատ երաժիշտը ներկայումս Կոմիտասի անվան կամերային երաժտության տան <<Տաղարան>> հնագույն երաժշտության համույթի (գեղ ղեկ Ս. Երկանյան) մենակատար քանոնահարուհին է: