Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը բարձրացրեց 190 կգ, այնուհետ` 195, որը Օլիմպիական խաղերի համար ռեկորդային քաշ է և երրորդ մոտեցմանը պատվիրեց198 կգ, սակայն չբարձրացրեց այն:
Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 228 կգ-ից և կարողացավ այն պահել գլխավերևում: Հետո չբարձրացրեց 238 կգ. կշռող ծանրաձողը. վերջին մոտեցման ժամանակ ևս Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնել նույն քաշը:
Երկամարտի 423 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը կրկին երկրորդն է ՕԽ-ում: Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը:
Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն: