Չեխիան որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Աֆղանստանում գտնվող դիվանագիտական անձնակազմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Պրահայում հրավիրված արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը:
«Իրադրությունն Աֆղանստանում վատթարանում է: Հենվելով Քաբուլում մեր դեսպանի առաջարկի, ինչպես մեր դաշնակիցներից ստացած տեղեկությունների վրա, ստիպված եմ եղել կարևոր որոշում կայացնել մեր դիվանագետների՝ Քաբուլի միջազգային օդանավակայան անհապաղ տեղափոխման վերաբերյալ»,- ասել է Կուլգանեկը:
Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում և ԱՄՆ-ն ու Իտալիան ևս խոսել են դիվանագիտական իրենց անձնակազմին Աֆղանստանից դուրս բերելու հնարավորության մասին:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: