Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հայտարարել է նախագահ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Անկարան կապի մեջ է թալիբների հետ Քաբուլի և Դոհայի միջոցով: Եվ այդ շփումներն անհրաժեշտ են»,-նշել է թուրք արտգործնախարարը:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ «Թալիբանի» ներկայացուցիչներին Թուրքիա այցելելու հրավեր է արվել նախքան նրանց կողմից Քաբուլը վերահսկողության տակ վերցնելը:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության օրինականության ճանաչման հարցին:
«Թալիբները պարտավորվել են ներառական կառավարություն ձևավորել: Պետք է տեսնել ՝ իրականում կձեւավորվի՞ ներառական կառավարություն, թե՞ ոչ: Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ համատեղ»,-ասել է նա:
Չավուշօղլուն նշել է, որ Անկարան շփումներ է պահպանում բոլոր երկրների հետ, որպեսզի այս հարցում դիրքորոշումն ու հնչած հայտարարությունները չտարբերվեն մյուսներից:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ ուրբաթ օրը տեղի է ունենալու ՆԱՏՕ -ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը:
«Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները միջազգային հանրության հետ, գործենք միասին: Հիմա սխալ կլինի ցանկացած վաղաժամ որոշում»,-եզրափակել է նա: