Հայաստանում այս պահին 14 բժշկական կենտրոն սպասարկում են կորոնավիրուսով հիվանդ բուժառուներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով` հիվանդանոցներում ծավալել են 1 500 մահճակալ, որոնցից այս պահին զբաղված է 1 143-ը:
«Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտ 700 բուժառու: Ընդհանուր հոսպիտալացված բուժառուների թիվը և ծանր վիճակում գտնվող բուժառուների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ակտիվ շրջանառվում է «Դելտա» շտամը, որը աչքի է ընկում ինչպես բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով:
«Ունենք երիտասարդ բուժառուներ, որոնք որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում, գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- նշեց Ավանեսյանը: