Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Գասպարն Ազատատենչ Էր, Սկզբունքային եւ Ուղղամիտ. Գասպար Տէրտէրեանի Քրոջ Յուշերը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Զրուցեց՝ ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Անցեալ տարի՝ Օգոստոսի 23-ին լիբանանահայ գաղութը կորցրեց իր կարկառուն, լրջախոհ մտաւորականներից մէկին՝ իրաւաբան Գասպար Տէրտէրեանին։ Հայ ժողովուրդը՝ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, կորցրեց Հայ Դատի հետամուտ ճշմարիտ ու անխոնջ առաջնորդներից մէկին, ով իր գիտակից ողջ կեանքը նուիրեց Հայ դատին, իր ազգին ու ժողովրդին։ Գասպար Տէրտէրեանը սիրուած ու յարգուած մտաւորական էր, սկզբունքային ու ճշտախօս մարդ։ Իր յօդուածներն ու խմբագրականները իւրաքանչիւրը սթափուելու ու միասնական լինելու կոչ էր։

Գասպար Տէրտէրեանը «Զարթօնքի» լաւ բարեկամն էր, նուիրեալ աշխատակիցը: Նրա յօդուածները մշտապէս եղել են ամենաընթերցուած ու ազգային գաղափարներով տոգորուած։

Գասպար Տէրտէրեանի կեանքը եւ գործունէութիւնը լաւագոյն նկարագրում է իր աւագ քոյրը՝ Սրբուհի Տէրտէրեան — Սարգիսեանը, ում հետ առիթ ունեցանք զրուցել Երեւանում։

Տիկին Սրբուհին խորը վշտով ու կարօտով է յիշում եղբօր հետ անցկացրած ամեն վայրկեանը։ Հոգով ու սրտով շատ կապուած են եղել իրար հետ։

Տէրտէրեան ընտանիքը արմատներով Սեբաստիայից ու Շապին Գարահիսարից են։ Մազապուրծ են եղել ցեղասպանութիւնից ու հաստատուել Պէյրութում։ Ընտանիքը բազմազաւակ է եղել՝ 7 երեխայ։ Գասպարը միջնեկն է եղել, իսկ տիկին Սրբուհին նրանից 3 տարի մեծ։ Ընտանիքն ապրել է ծայրայեղ վատ պայմաններում, սակայն երբեք չեն ընկճուել, չեն նեղացել կեանքից։ Ընտանիքի հայրը շատ վաղ է մահացել՝ ծանր հինաւանդութիւնից։ Մայրը ստիպուած է եղել 7 երեխայի հոգսը վերցնել իր փխրուն ուսերին։

Տիկին Սրբուհին վաղ տարիքից աշխատել է քոյրերին ու եղբայրներին պահելու համար։ Ասում է՝ չնայած ապրելու ծանր պայմաններին, երբեք չեն հեռացել արւեստից, ապրել են լիարժէք կեանքով, հոգով հարուստ են եղել, իսկ իր քոյրերն ու եղբայրները մէկը միւսից տաղանդաւոր են եղել։

Այսօր, ցաւօք, Տէրտէրեան ընտանիքի հարազատ զաւակներից ողջ է միայն մեր զրուցակիցը՝ տիկին Սրբուհին, ով յուզուած յիշում ու պատմում է եղբօր՝ Գասպարի մասին։

«Ես եւ Գասպարը իրար հետ շատ մօտ էինք, հոգով, գաղափարով շատ մտերիմ էինք։ Յիշում եմ՝ մեզանից մեծերի հետ չէինք կարողանում շփուել, փոքրերն էլ փոքր էին։ Գասպարը եւ ես հոգեւոր շատ կարեւոր կապ ունեինք իրար հետ։ Դրա համար իր մահը ինձ համար պարզապէս եղբօր կորուստ չէր։ Ես իմ հոգին ու սիրտը կորցրեցի։ Մանկութիւնից ծրագրած երազանքներ ու ձգտումներ ունէինք։ Մենք կեանքի ծանր պայմաններից ելնելով շատ կանուխ ենք հասունացել»,- արցունքները սրբելով պատմում է տիկին Սրբուհին, ապա շարունակում․

«Մենք մանկութիւն չենք ունեցել։ Մայրս ու հայրս ջարդերից մազապուրծ են եղել։ Մանկութեան գեղեցիկ հեքիաթների փոխարէն լսել ենք ջարդի պատմութիւններ։ Փոքր տարիքից հասունացանք ու հասկացանք, որ հայ ժողովրդի հետ սարսափելի բան է պատահել»,- յիշում է Գասպար Տէրտէրեանի քոյրը։

Գասպար Արմենակի Տէրտէրեան Պատանի Հասակում

Նրա խօսքով՝ հենց այդ հայրենասիրական դաստիարակութիւնն է, որ իր ու եղբօր մէջ  գաղափարական այլ հիմք է դրել, այլ արժէքներ ու կեանքի նկատմամբ պատկերացումներ ձեւաւորել։

Տիկին Սրբուհու պատմելով՝ իր եղբայրը դեռ մանուկ հասակից անասելի ու աննկարագրելի սեր է տածել Հայաստանի ու հայ ազգի հանդէպ։ Նրա ամեն քայլը, ամեն  արարքը հիմնուած էր իր հայ ազգին որեւէ կերպ օգնելու, պատմական արդարութիւնը վերականգնելու անհրաժեշտութեան վրայ։ «Ինձ ասում էր՝ լաւ սովորի, որ հայրենիքիդ պէտք է գալու։ Գասպարն իմ փարոսն էր, իմ ուղեցոյցը, առաջնորդը կեանքում»,- ասում է քոյրը։

1955 Շըպէնիէ, Լիբանան։ Ձախէն աջ, Դասընկերներ՝ Սարգիս Մինասեան, Գասպար Տէրտէրեան, Յակոբ Սահակեան։

Տիկին Սրբուհին առանձնակի քնքշանքով է խօսում իր եղբօր մարդ տեսակի մասին։ Յիշում է մանկութեան դրուագներ, որոնք լաւագոյնս են նկարագրում Գասպարի մարդկային որակները։

«Յիշում եմ՝ մանուկ հասկանում, երբ հայրս հիւանդացել էր, իր զաւակներից Գասպարն էր, որ առաւօտից երեկոյ մնում էր հայրիկիս մօտ՝ ճանճերին էր քշում։ Մայրս ասում էր՝ տեսէք՝ ձեզանից ոչ ոք չմտածեց, միայն այս փոքրիկ տղան մտածեց իր հոր մասին։ Դա խօսում է Գասպարի անչափ մեծ սիրտ ունենալու մասին։ Նա այնքան պարկեշտ էր, այնքան բարի»,- յուզմունքը մի կերպ զսպելով պատմում է քոյրը։

Տիկին Սրբուհին յատուկ սիրառատութեամբ է յիշում եղբօր կողմից իր երեխաներին, թոռներին ուղարկուած ամանորեայ բացիկները, որոնք այնքան հոգատարութեամբ էր ամեն անգամ գրում Գասպարը։ «Նա բոլորին հասնում էր, բոլորին օգնում։ Մեր տուն էր գալիս, ինձ գումար տալիս, ասում էր՝ երեխաներ ունես, քեզ հարկաւոր է։ Ցաւօք, ինքն այդպէս էլ չամուսնացաւ»,- տխրութեամբ յիշում է մեր զրուցակիցը։

Գասպար Տէրտէրեանը դպրոցն աւարտելուց յետոյ որոշում է իրաւաբանութեան ոլորտում սովորել, մանաւանդ, որ դա իր մօտ լաւ էր ստացւում։ «Նա կարողութիւն ունէր։ Ամերիկեան համալսարան ընդունուեց տնտեսագիտութիւն սովորելու, յետոյ փոխեց իրաւաբանութիւն եւ վկայուեցաւ Լիբանանի Ֆրանսական համալսարանէն։ Չգիտեմ՝ ինչ կար իր մտքին, որ որոշեց իրաւաբանութիւն սովորել։ Բայց իր մօտ լաւ էր ստացւում դա։ Գասպարը փոքրուց շատ օժտուած երեխայ էր։ Ինքն ուրիշ արժէքներ ունէր, չենք տեսել մի օր, որ ինչ-որ մի բանից բողոքէր, կեանքի ծանր պայմաններից նեղուեր»,- սիրով ու ջերմութեամբ յիշում է տիկին Սրբուհին։

Գասպար Տէրտէրեանի գաղափարներն ու ձգտումները անձնական հարթութիւնից շատ աւելի բարձր էին, ասում է քոյրը։ «Մեր հայրենասիրութիւնը սուբյեկտիւ ու ապաւինողական չպետք է լինի։ Նա ասում էր՝ մենք չպէտք է վստահենք օտար պետութիւններին, որպէսզի մեր հայկական հարցերը լուծեն, այլ պէտք է լինենք միասնական ու համախմբուած։ Ինքը խորշում էր այն անձերից, ովքեր իրենց գործը ուրիշի վրայ էին թողնում։ Շատ ուղղամիտ ու արդարամիտ էր։ Նա շատ սկզբունքային էր։ Ոչ մի օր չեղաւ, որ դրամի համար որեւէ բան աներ, որեւէ պաշտօն ստանար։ Ազատատենչ էր, սիրում էր հոգու ազատութիւնը։ Ոչ մի օր չմտածեց դրամի մասին։ Իր ընկերներից շատերը արագ փոխեցին իրենց կարծիքը, այլ երկրներում հարստացան, լաւ կեանքով սկսեցին ապրել, բայց արդեն առանց սկզբունքների ու հաւատի։ Նա նայում էր ու ափսոսում։ Գասպարն անկեղծ հաւատացող էր։ Չէր ձեւացնում։ Ձեւացնելն իր մօտ չկար։ Նա պարզ էր ու շիտակ, համեստ ու ուղղամիտ»,- ակնածանքով պատմում  է Գասպար Տէրտէրեանի քոյրը։

Գասպար Տէրտէրեանը նաեւ Լիբանանի գրական շրջանակի անդամ էր։ Տիկին Սրբուհին, սակայն, եղբօր գործունէութեան այդ շրջանի մասին շատ բան չկարողացաւ մեզ պատմել, քանի որ 22 տարեկանում ամուսնացել ու տեղափոխուել է Դամասկոս եւ առիթ չի ունեցել շատ մանրամասն ու ամենօրեայ ռեժիմով հետեւելու եղբօր գործունէութեանը։

«Գասպարն անընդմիջելի մտածում էր իր հայրենիքի մասին, Հայաստանին օգնելու մասին, ազգին լաւագոյնն անելու մասին»-, ամեն խօսքի մէջ շեշտում է քոյրը, ապա փաստում՝ Գասպարն իր  գիտակից ամբողջ կեանքում պայքարել է Հայ դատի համար, իր բոլոր յօդուածներում ու հրապարակումներում առանձնայատուկ անդրադարձել է այդ թեմային, կարեւորել ու բարձրաձայնել պատմական արդարութեան հասնելու իրաւական ուղիները։ Հաւանաբար հենց այդ նպատակով էլ իրաւաբանութիւնն ընտրեց որպէս հիմնական մասնագիտութիւն։


Անդրանիկ Ակումբի Ապրիլեան Եղեռնի հանդիսութենէն ետք։ Ձախին, ոտքի առաջինը, Գասպար Տէրտէր

«Գասպարն ասում էր՝ մենք բոլորս այն երկրներում որտեղ ապրում ենք պէտք է դաշնակիցներ ունենանք ի դէմս ժողովուրդների, պէտք է ժողովուրդների հետ բարեկամութիւն հաստատենք, որպէսզի Հայ դատի համար կարողանանք նպաստաւոր պայմաններ ստեղծել։ Ինքը հաւատում էր ազգերի եղբայրութեանը։ Ասում էր՝ դա է, որ մեզ կարող է օգնել արդարութեան հասնելու ճանապարհին։ Ասում էր՝ աշխարհում բոլոր իրաւազրկուած ժողովուրդներին պէտք է ձեռք մեկնենք։ Մենք էլ փոքր ժողովուրդ ենք, պէտք է հասկանանք ու միասնական գործենք»,- պատմում է տիկին Սրբուհին։


Մեթր Գասպար Տէրտէրեան, Միսաք Մանուշեանի Դամբանին Մօտ։

Նրա խօսքով՝ Գասպարի ձգտումներն ու նպատակները մեր հայկական սահմաններից դուրս էր եկել։ Նրա ազնիւ մղումները արտայայտւում էին նաեւ արաբ ժողովրդի դատի նկատմամբ։ «Ինքը պայքարում էր նաեւ արաբ ժողովրդի դատի համար։ Յիշում եմ՝ յատուկ ժամեր ունէր, երբ արաբերէնով խօսում էր արաբական դատի համար։ Եղբայրս շատ խորացած էր քաղաքականութեան մէջ։ Շատ լաւ պատկերացնում էր, թէ որ երկիրն ինչ շահ ունի։ Ինձ էլ էր բացատրում, երբ որեւէ բան չէի հասկանում կամ չէի պատկերացնում։ Գասպարը պետական պաշտօնեաների խօսքերին շատ չէր հաւատում։ Ինքը ասում էր՝ ժողովուրդները պէտք է միասին լինեն, բարեկամութիւն անեն։ Նա գտնում էր, որ պէտք է աշխատել ի շահ մարդկութեան զրկուած ու աղքատ դասակարգերի։ Ուր այդ տեսակ շարժում կար, ինքը այդտեղ աշխատում էր։ Երբեմն լուռ, երբեմն՝ բացայայտ»,- հպարտութեամբ պատմում է տիկին Սրբուհին։


1956 Դամասկոս։ Հայրենի անձնաւորութիւններու հետ

Գասպար Տէրտէրեանը հասցրել է շատ բան անել իր կեանքում, սակայն, անաւարտ գործեր եւս մնացին։ Քոյրը պատմում է, թէ ինչպէս է Գասպարը հիւանդանոցից շտապ դուրս եկել, տուն գնացել, քանի որ յօդուած էր սկսել, որն անաւարտ էր մնացել եւ դա անհանգստացնում էր իրեն։ «Պէտք էր յօդուածը հասցնել աւարտին։ Գասպարը չէր սիրում կիսատ թողնել որեւէ բան»,- ասում է քոյրը։


1956  Ամառ — Դամասկոս Աջին Գասպար Տէրտէրեան

«Ինքը իր կեանքի օրհասական ժամերն էր ապրում, բայց այդ մասին չգիտեր։ Ես այդքանով ուրախ եմ, որ նա չգիտեր այդ մասին։ Հիւանդանոցում էր, լաւ չէր, բայց այնտեղից շտապում էր տուն՝ անաւարտ գործերը աւարտին հասցնելու համար։ Նա ամեն ինչ անում էր Արեւմտեան Հայաստանի հողային հարցը կենդանացնելու ուղղութեամբ։ Տեսնում էր, որ այդ հարցով զբաղուող չկայ։ Կուսակցութիւնները միայն խօսում էին ցեղասպանութեան ճանաչման մասին։ Դա օգուտ չէր տալիս։ Գասպարն ասում էր՝ Արեւմտեան Հայաստանը մոռացութեան է տրուել։ Իր յօդուածներում միշտ գրում էր Արեւմտեան Հայաստանի հողային պահանջը իրաւական ճանապարհով լուծելու անհրաժեշտութեան մասին, ոչ թէ լացելով ու աղերսելով։ Նա ասում էր, որ մենք ունենք շատ կէտեր, որոնցով կարող ենք իրաւական գործընթացներ ստեղծել։ Նա ցոյց էր տալիս, թէ ինչպէս կարելի է միջազգային օրէնքով հասնել արդարութեան Արեւմտեան Հայաստանի հողային պահանջների շուրջ։ Նա մանրամասն ներկայացնում էր Ուիլսընեան պայմանագրի կէտերը, որոնցով կարող ենք արթնանալ ու պահանջել մեր հողերը։ Նրա այս նպատակները մնացին կիսատ, ցաւօք»,- ներկայացրեց տիկին Սրբուհին։


Լիբանան- Թալին Թեմիզեանը, Գասպար Քեռիին Հետ։

Գասպարը Տէրտէրեանը զօրավիգ էր կանգնում այս աշխատանքներին ու որպէս փաստաբան գտնում էր՝ պէտք է այս հարցում ունենալ ներկայացուցչական մարմին, որը կը ներկայացնի հայերի պահանջը, քանի որ անհատների պահանջը շատ ժամանակ միջազգային ատեաններում կարող են լուրջ չընդունուել։

«Անհատ մարդկանց չեն ճանաչում, բանի տեղ չեն դնում։ Իսկ երբ ունես ներկայացուցչական մարմին, որը ներկայացնում է մի ամբողջ ժողովրդի շահերը, այդ ժամանակ հաշուի են նստում քեզ հետ։ Գասպարը դա շատ լաւ գիտեր ու հասկանում էր։ Ես եղբօրս հետ համաձայն եմ։ Իհարկէ, դա շատ դժուար աշխատանք է, բայց պէտք է պայքարի շղթան չկտրել։ Պէտք է սերունդներին դաստիարակել պահանջատիրական ոգով։ Եթէ այս դարում հարցը անտեսուեց, վերջ, մենք կը մոռանանք ամեն ինչի մասին, կը մոռանանք Հայ դատի ու մեր հողերի մասին»,- իր խօսքն աւարտեց տիկին Սրբուհին, յաւելելով, որ եղբօր մասին կարող է շատ երկար խօսել, յոյզերն ու ապրումները ներկայացնել, որոնք արտայայտելու այնքան մեծ կարիք ունէր տուեալ պահին։

Պատմական լուսանկարները՝ ընտանեկան արխիւից

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img